Պաշտոնապես․ Ջոն վան՛տ Սխիպը գլխավորեց Հայաստանի հավաքականը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է 61-ամյա հոլանդացի մասնագետ Ջոն վան՛տ Սխիպի՝ որպես ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակման մասին։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է մարզչին Գործկոմի անդամներին, որոնք միաձայն հաստատել են նրա թեկնածությունը։ Պայմանագիրը կնքվել է «1+1» ձևաչափով, իսկ վան՛տ Սխիպը իր պարտականություններին կանցնի 2025 թվականի մարտի 1-ից։
Ֆուտբոլային կարիերա
Ջոն վան՛տ Սխիպը Ամստերդամի «Այաքսի» սան է, որտեղ անցկացրել է 11 տարի (1981-1992), մասնակցել 273 հանդիպման և խփել 29 գոլ։ Այնուհետև կարիերան շարունակել է իտալական «Ջենոայում» (1992-1996), որտեղ 107 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։
Նրա խաղային կարիերայի գլխավոր նվաճումը 1988 թվականին Նիդեռլանդների հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսն էր։ «Այաքսի» կազմում նա 4 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 3 անգամ նվաճել է Նիդեռլանդների գավաթը, ինչպես նաև հաղթել է ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթն ու ՈւԵՖԱ-ի գավաթը։
Մարզչական ուղի
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո վան՛տ Սխիպը մարզչական գործունեությունը սկսել է «Այաքսի» համակարգում՝ աշխատելով ինչպես երիտասարդական թիմերի հետ, այնպես էլ որպես գլխավոր մարզչի օգնական։ Ավելի ուշ գլխավորել է «Թվենտեն», ավստրալական «Մելբուրն Հարթն» ու «Մելբուրն Սիթին», մեքսիկական «Գվադալախարան», «Զվոլեն», ինչպես նաև Հունաստանի ազգային հավաքականը։
Ամենամեծ հաջողությունը ակումբային մակարդակում նա գրանցել է Ավստրալիայում. նրա գլխավորությամբ «Մելբուրն Սիթին» 2016 թվականին նվաճել է Ավստրալիայի գավաթը։
Վան՛տ Սխիպի վերջին աշխատավայրը եղել է «Այաքսը», որտեղ 2023-2024 թվականներին զբաղեցրել է գլխավոր մարզչի պաշտոնը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0