Օնիկ Մարտիրոսյանը դուրս է եկել MMA-ի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ներկայացուցիչ Օնիկ Մարտիրոսյանը դուրս է եկել Թբիլիսիում (Վրաստան) ընթացող խառը մենամարտերի (IMMAF) 2026 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Մինչև 20 տարեկանների (U20) 61,2 կգ քաշային կարգում հայ մարզիկը երեք անընդմեջ հաղթանակ է տարել և այժմ կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար։
Կիսաեզրափակիչի ճանապարհին Մարտիրոսյանը հաղթել է երեք մրցակցի։ Առաջին մենամարտում նա մրցավարների որոշմամբ առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ, այնուհետև 1/8 եզրափակիչում տեխնիկական նոկաուտով (TKO) հաղթել է շվեյցարացի մարզիկին։ Քառորդ եզրափակիչում հայ մարտիկը մրցավարների որոշմամբ պարտության է մատնել Տաջիկստանի ներկայացուցչին։
Նոյեմբերի 5-ին կիսաեզրափակիչում Օնիկ Մարտիրոսյանը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Ալի Խիզրիևի հետ։ Այս դիմակայության հաղթողը դուրս կգա եզրափակիչ, որը կկայանա նոյեմբերի 6-ին։
Մարտիրոսյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է, որը շարունակում է պայքարը մրցաշարում։
Հայաստանի հավաքականի արդյունքները MMA-ի ԱԱ-2026-ում
IMMAF-ի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են հինգ մարզիկներ՝ երեքը մեծահասակների, երկուսը՝ մինչև 20 տարեկանների տարիքային խմբում։
Մեծահասակներ
-
56,7 կգ — Արթուր Ասոյան. առաջին մենամարտում պարտվել է Անգոլայի ներկայացուցչին և ավարտել ելույթները։
-
74,8 կգ — Մկրտիչ Վարդանյան. երկու հաղթանակ է տարել՝ հնդիկ մրցակցի նկատմամբ խեղդող հնարքով, իսկ նորվեգացու նկատմամբ՝ մրցավարների որոշմամբ։ Քառորդ եզրափակիչում մրցավարների որոշմամբ պարտվել է Տաջիկստանի ներկայացուցչին։
-
74,8 կգ — Վահան Մաթևոսյան. առաջին մենամարտում պարտվել է Գերմանիայի ներկայացուցչին։
Երիտասարդներ (U20)
-
61,2 կգ — Օնիկ Մարտիրոսյան. հաղթել է Ուկրաինայի, Շվեյցարիայի և Տաջիկստանի ներկայացուցիչներին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։ Հաջորդ մրցակիցը Ալի Խիզրիևն է (Ռուսաստան)։
-
70,3 կգ — Արայիկ Սահակյան. մրցաշարը սկսել է Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ մրցավարների որոշմամբ հաղթանակով, սակայն քառորդ եզրափակիչում նույն կերպ պարտվել է Տաջիկստանի մարզիկին։
Այսպիսով, Հայաստանի հինգ ներկայացուցիչներից երեքը հասել են առնվազն քառորդ եզրափակիչ, իսկ Օնիկ Մարտիրոսյանը շարունակում է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։
IMMAF-ի աշխարհի առաջնությունն անցկացվում է Թբիլիսիում նոյեմբերի 2-ից 7-ը։ Կիսաեզրափակիչ մենամարտերը նախատեսված են նոյեմբերի 5-ին, երիտասարդների եզրափակիչները՝ նոյեմբերի 6-ին, իսկ մեծահասակների աշխարհի չեմպիոնները կորոշվեն նոյեմբերի 7-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0