Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչն ամփոփել է ԱԱ-2026-ի արդյունքները. «Որոշ մարզիկներից մեդալներ էինք ակնկալում»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ամփոփել է Աստանայում կայացած 2026 թվականի աշխարհի առաջնության արդյունքները։ Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտել է մեկ արծաթե մեդալով, որը 65 կգ քաշային կարգում նվաճել է Վազգեն Թևանյանը։
«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ Կուրղինյանը նշել է, որ ընդհանուր առմամբ դժգոհ չէ թիմի ելույթներից, սակայն ավելի բարձր արդյունքներ էր ակնկալում։
«Շատ ուրախ եմ Վազգեն Թևանյանի արդյունքի համար։ Երկար ժամանակ աշխարհի առաջնություններում ազատ ոճայիններից չենք ունեցել եզրափակչում մասնակից։ Ինչ վերաբերում է հավաքականի մյուս մասնակիցներին, ապա հիմնականում կարող ենք ասել, որ մյուսները հանդես եկան իրենց հնարավորությունների սահմաններում»,- նշել է մասնագետը։
Միևնույն ժամանակ գլխավոր մարզիչը խոստովանել է, որ Արսեն Հարությունյանից, Արման Անդրեասյանից և Մանվել Խնձրցյանից մարզչական շտաբը մեդալներ էր ակնկալում։
«Արսեն Հարությունյանից ակնկալիքներ ունեինք, նա աշխարհի տարբեր տարիների առաջնությունների բրոնզե մեդալակիր է, և այս անգամ էլ արդյունքի էինք սպասում, թեպետ իրեն բաժին էր ընկել ուժեղ մրցակից։ Արման Անդրեասյանից, Մանվել Խնձրցյանից նույնպես մեդալներ էինք ակնկալում։ Կարծում եմ, որ բացթողումները կվերլուծենք, սխալների ուղղությամբ կաշխատենք»,- հավելել է Կուրղինյանը։
Թևանյանը բացատրել է աշխարհի առաջնության եզրափակչում կրած պարտությունը
Վազգեն Թևանյանն աշխարհի առաջնությունում անցկացրել է հինգ գոտեմարտ և կարիերայում առաջին անգամ նվաճել աշխարհի առաջնության արծաթե մեդալ։ 65 կգ քաշային կարգի եզրափակչում հայ ըմբիշը 1։9 հաշվով պարտվել է ամերիկացի Բո Բասեթին։
Թևանյանի խոսքով՝ վճռորոշ գոտեմարտում անհաջողության պատճառներից մեկը կուտակված հոգնածությունն էր։
«Շատ լարված գոտեմարտեր են եղել։ Կառանձնացնեի եզրափակիչ գոտեմարտը, թեպետ չստացվեց այնպես, ինչպես պլանավորել էինք մեր մարզիչների հետ։ Մեկ օր առաջ մանրամասն վերլուծել էինք, պլանավորել էինք, թե ինչ մարտավարությամբ ենք առաջ գնալու, սակայն առաջին օրվա լարվածությունն ու հոգնածությունն իրենց ազդեցությունը թողեցին, և երկրորդ օրը դա մրցագորգի վրա երևաց»,- պատմել է ըմբիշը։
Թևանյանն ընդգծել է, որ ցանկանում էր ոսկե մեդալ նվաճել, սակայն ուրախ է նաև արծաթե պարգևի համար։ Այժմ նա մտադիր է կենտրոնանալ սխալներն ուղղելու և առաջիկա մրցումների համար ճիշտ մարտավարություն ընտրելու վրա։
Մարզիկի անձնական մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանը արծաթե մեդալը երկար սպասված արդյունք է անվանել, որին հասնելու համար տարիներ շարունակ մեծ աշխատանք են կատարել։
«Կային տարիներ, որ մոտ ենք եղել այս մեդալին, սակայն ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում։ Փառք Աստծո, կարողացանք այս արդյունքին հասնել, առաջիկայում սխալների վրա կաշխատենք, որ արծաթը ոսկի դառնա։ Առջևում ունենք Օլիմպիական խաղեր, մեր ակնկալիքն է մեդալներով վերադառնալը»,- նշել է Գոլեցյանը։
Հայաստանի հավաքականի առաջիկա ծրագրերը
Կուրղինյանը ներկայացրել է նաև ազգային հավաքականի առաջիկա մրցաշրջանի ծրագրերը։ 2026 թվականի դեկտեմբերին կկայանա Հայաստանի առաջնությունը, որից հետո Ծաղկաձորում նախատեսվում են ուսումնամարզական հավաքներ։
2027 թվականի փետրվարից հայ ըմբիշները կսկսեն մասնակցել միջազգային մրցաշարերի։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ԱԱ-2026-ի թիմային հաշվարկում զբաղեցրել է 14-րդ տեղը՝ վաստակելով 20 միավոր։ Թիմի միակ մեդալը նվաճել է Վազգեն Թևանյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
1