Իտալացի ֆուտբոլիստը Հայաստանում. Վալերիո Վիմերկատին զարմացած է Մխիթարյանի և իտալական ֆուտբոլի ժողովրդականությամբ
Իտալացի դարպասապահ Վալերիո Վիմերկատին, ով ծնվել է 1995 թվականին և ձևավորվել «Միլանի» ակադեմիայում, 2021 թվականից հանդես է գալիս Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Այդ ընթացքում նա խաղացել է «Նոա» և «Արարատ-Արմենիա» ակումբներում, իսկ այժմ պաշտպանում է «Ալաշկերտի» դարպասը։ La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում Վիմերկատին կիսվել է Հայաստանում ֆուտբոլային մշակույթի մասին իր տպավորություններով։
Հայաստանի ֆուտբոլի և երկրպագուների մասին
«Այստեղ ֆուտբոլը շատ սիրված է, հանդիպումները հեռարձակվում են հեռուստատեսությամբ և YouTube-ով, և ինձ զարմացրեց, որ խաղերի տեսանյութերը հավաքում են 15-20 հազար դիտում։ Սակայն մարզադաշտերում հանդիսատեսը քիչ է, թեև հաճախ մուտքն անվճար է, իսկ տոմսի արժեքը առավելագույնը 1000 դրամ է (մոտ 1-2 եվրո)։ Միևնույն ժամանակ, ազգային հավաքականը մեծ աջակցություն է ստանում։ Մարդիկ ճանաչում են խաղացողներին, հետևում են նրանց կարիերային և իսկապես կապված են նրանց հետ։ Վերջին տարիներին հատկապես առանձնանում է Հենրիխ Մխիթարյանը, ում ժողովրդականությունը պարզապես հսկայական է»։
Իտալական ազդեցության մասին Հայաստանում
«Հայաստանում Իտալիան շատ են սիրում։ Քաղաքով քայլելիս կարելի է տեսնել բազմաթիվ իտալական ռեստորաններ, խանութներ՝ իտալական անվանումներով։ Ես հանդիպել եմ շատ «Միլանի» երկրպագուների, հավանաբար, որովհետև ես ինքս եմ սատարում այս ակումբին (ծիծաղում է) և ուշադրություն եմ դարձնում նրանց։ Նրանք հաճախ հավաքվում են քաղաքի կենտրոնում գտնվող բարերում և սրճարաններում՝ միասին Ա Սերիայի հանդիպումներ դիտելու համար»։
Վալերիո Վիմերկատին Հայաստանում արդեն իր հինգերորդ մրցաշրջանն է անցկացնում։ Դարպասապահը, ով արտաքինով հիշեցնում է Ռոնալդինյոյին, հատկապես հիշվեց անցած մրցաշրջանում, երբ օգնում էր «Նոային» անցնել իր ներկայիս թիմին՝ «Ալաշկերտին», Հայաստանի գավաթի խաղարկության 11-մետրանոց հարվածաշարում։ Վիմերկատին ոչ միայն հետ մղեց հարվածը, այլև իրացրեց հաղթական 11-մետրանոցը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0