Էդուարդ Սպերցյանը՝ Հայաստանի հավաքականի, երկրների միջև ընտրության և փողի նկատմամբ վերաբերմունքի մասին
«Կրասնոդարի» ավագը և Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը՝ Էդուարդ Սպերցյանը, անկեղծորեն պատմել է իր ազգային թիմի ընտրության, երկրպագուների սիրո և փողի նկատմամբ վերաբերմունքի մասին։
Championat.com-ի հարցազրույցից
Հայաստանի և Ռուսաստանի միջև ընտրության մասին
Սպերցյանն ընդգծել է, որ Հայաստանի հավաքականում խաղալու իր որոշումը գիտակցված է եղել և ընդունվել է դեռ 2021 թվականի մարտին։ Նա կտրականապես համաձայն չէ այն կարծիքի հետ, թե այս ընտրությունը հեշտ է եղել։
«Մարդիկ գրում են, թե ես ընտրել եմ Հայաստանը, որովհետև դա հեշտ ճանապարհ էր։ Բայց այդ ժամանակ ընդհանրապես ոչ մի հեռանկար չկար։ Ես երբեք Ռուսաստանի ոչ մի հավաքականում չեմ խաղացել, նույնիսկ՝ պատանեկան մակարդակում։ Երբ ՖՆԼ-ի լավագույն ռմբարկուն էի, Ռուսաստանի հավաքականն ընկերական խաղերի համար բոլորին հրավիրում էր, բացի ինձնից։ Դա վերջին կաթիլն էր։ Ես ոչ մի անգամ չեմ զղջացել, որ ընտրել եմ Հայաստանը, ոչ թե Ռուսաստանը։ Եվ հիմա էլ չեմ զղջում», — ասել է Սպերցյանը։
Արսեն Զախարյանի հետ հարաբերությունների մասին
Ֆուտբոլիստը նշել է, որ քննարկել է ազգային հավաքականի ընտրության հարցը Արսեն Զախարյանի հետ, ով ի վերջո որոշել է հանդես գալ Ռուսաստանի հավաքականում։
«Մենք այս թեմայով խոսել ենք, բայց յուրաքանչյուրն իր ուղին ունի։ Ոմանք կարող են քննադատել ինձ, բայց սա իմ կյանքն է։ Եթե Արսենն իրեն ավելի լավ է զգում Ռուսաստանի հավաքականում, դա իր որոշումն է», — ասել է Սպերցյանը։
Հենրիխ Մխիթարյանի հետ ընկերության մասին
Կիսապաշտպանը հաստատել է, որ լավ հարաբերություններ ունի հայ ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանի հետ և նրան իր ընկերն է համարում։
«Մենք շփվում ենք, նամակներ ենք փոխանակում։ Նրա ամենակարևոր խորհուրդն այն է, որ միշտ պետք է լսել սրտիդ ձայնը։ Դա վերաբերում է և՛ հավաքականի ընտրությանը, և՛ Եվրոպա տեղափոխվելուն։ Կարևոր է որոշումներ ընդունել այնպես, որ հետո չզղջաս», — պատմել է Սպերցյանը։
Հայ երկրպագուների սիրո մասին
Սպերցյանը բերել է մի քանի օրինակ, որոնք ցույց են տալիս հայ երկրպագուների աներևակայելի աջակցությունը՝ սկսած ջերմ ընդունելություններից օդանավակայանում մինչև հարգանքի անսպասելի դրսևորումները առօրյայում։
«Ռումինիայի դարպասը խփածս գոլից հետո գնացինք ռեստորան, և հաշիվս արդեն վճարված էր։ Տաքսու վարորդն ասաց. “Քեզանից փող չեմ վերցնի, Սպերցյան ջան”։ Ամենահետաքրքիր պահը ինքնաթիռում էր՝ ինձ համար ամբողջ շարքեր ազատեցին։ Երկու շարք՝ դիմացս, երեք՝ հետևում։ Լիարժեք հարմարավետության մեջ էի, իսկ Կրասնոդարում ինքնաթիռից առաջինն իջա։ Նստած մտածում էի. “Բա էդպես է լինելու միշտ?” (Ծիծաղում է)»։
Փողի նկատմամբ վերաբերմունքի մասին
Ֆուտբոլիստը նշել է, որ առանձնապես մեծ նշանակություն չի տալիս փողին և այն ծախսում է անհրաժեշտ բաների վրա՝ ընտանիք, բնակարան, հարազատներին աջակցություն։
«Ես պարզապես ապրում եմ։ Վերջերս բնակարան գնեցի հարսանիքից առաջ, օգնում եմ ծնողներիս։ Իհարկե, լինում են նաև սպոնտան գնումներ, բայց ինչո՞ւ ոչ։ Ավելի լավ է զղջաս, որ ինչ-որ բան գնել ես, քան որ չես գնել։ Վերջերս ժամացույց գնեցի։ Բայց ամենակարևորն այն է, որ վերջապես ավարտեցինք Հայաստանում մեր ընտանիքի տան շինարարությունը։ Թեթևացա!»
Սպերցյանը խոստովանել է, որ հաճախ բազմաթիվ հաղորդագրություններ է ստանում ֆինանսական օգնության խնդրանքներով, երբեմն՝ բավականին ծիծաղելի։
«Վերջինը, ինչ ինձ գրել էին՝ “Բրատ, 2000 ուղարկի, բենզինի համար”»։
Էդուարդ Սպերցյանը տրանսֆերների մասին. ինչու՞ է նա դեռ «Կրասնոդարում»
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0