«Անդրանիկը» առաջին կիսաեզրափակչում ոչ-ոքի կորզեց «Ուրարտուից»
«Անդրանիկը» և «Ուրարտուն» Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում ավարտեցին հանդիպումը 1:1 հաշվով՝ պահպանելով ինտրիգը պատասխան խաղից առաջ։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 12-րդ րոպեին․ «Ուրարտուի» կիսապաշտպան Արտյոմ Պոլյարուսը վստահ իրացրեց 11-մետրանոց հարվածը և առաջ մղեց իր թիմին։ Հյուրերը վերահսկում էին խաղի ընթացքը, սակայն չկարողացան զարգացնել առավելությունը։
Լուծումը եկավ խաղավարտին։ 89-րդ րոպեին «Անդրանիկի» ֆուտբոլիստ Մայքլ Նդիդին դիպուկ հեռահար հարվածով վերականգնեց հավասարակշռությունը՝ իր թիմին պարգևելով չափազանց կարևոր ոչ-ոքի։
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին։
Հիշեցնենք, որ «Անդրանիկը» արդեն պատմություն է կերտել՝ դառնալով Առաջին լիգայի առաջին թիմը, որը հասել է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ փուլ։ Առաջին խաղից հետո թիմը պահպանում է եզրափակիչ դուրս գալու իրական շանսեր։
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատարներից մեկը հանդիսացող «Ուրարտուն» խաղադաշտ էր դուրս եկել կիսապահեստային կազմով՝ թերագնահատելով մրցակցին, ինչի արդյունքում զրկվեց հաղթանակից։
Մյուս կիսաեզրափակչում «Արարատ-Արմենիան» ապրիլի 16-ին կմրցի «Նոայի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 18:30-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0