CIES-ը անվանել է լավագույն U23 ֆուտբոլիստներին․ ցուցակում՝ միայն մեկ ներկայացուցիչ Հայաստանից
Միջազգային հետազոտական կենտրոնը՝ CIES Football Observatory, հրապարակել է իր 542-րդ շաբաթական հաշվետվությունը, որտեղ վերլուծվել են մինչև 23 տարեկան ֆուտբոլիստների ելույթները աշխարհի 67 լիգաներում։ Վարկանիշը կազմվել է խաղացողների թիմի խաղի վրա ունեցած ազդեցության համապարփակ գնահատման հիման վրա՝ հաշվի առնելով ութ խաղային ասպեկտ, հանդիպումների մակարդակը, արդյունքները և վերջին վեց ամիսների խաղաժամանակը։
U23 լավագույն խաղացողների ցուցակում ընդգրկվել է միայն մեկ ներկայացուցիչ Հայաստանից՝ հունգարական «Պուշկաշ Ակադեմիա» ակումբի կենտրոնական պաշտպան Գեորգի Հարությունյանը։
21-ամյա ֆուտբոլիստը ստացել է 100-ից 67.1 գնահատական։ Վերլուծաբանները հատկապես առանձնացրել են նրա ուժեղ կողմը՝ Build Up (հարձակման մեկնարկային փուլ), այսինքն՝ պաշտպանությունից կարճ և միջին փոխանցումներով խաղը զարգացնելու կարողությունը՝ սեփական դարպասից խաղարկման ժամանակ։
Հետաքրքիր է, որ հենց այս բաղադրիչը շարունակում է խնդիր մնալ Հայաստանի ազգային հավաքականի համար, այդ թվում՝ նաև Հարությունյանի մասնակցությամբ խաղերում։ Սակայն ակումբային մակարդակում պաշտպանը տվյալ ասպեկտում ցուցադրում է վստահ և կայուն խաղ։
Վարկանիշում ընդգրկվելու թեկնածուների թվում, սակայն վերջնական ցուցակում չներառված հայ ֆուտբոլիստներն են՝ Արտյոմ Բանդիկյան, Գրանտ-Լեոն Ռանոս, Ստեփա Մկրտչյան, Պավել Գորելով, Դավիթ Հակոբյան և Իրակլի Եգոյան։
CIES-ի վարկածով լավագույն U23 ֆուտբոլիստները
- Լամին Յամալ — 100
- Քենան Յըլդըզ — 96
- Ուորեն Զաիր-Էմերի — 94.3
Զեկույցում առանձնապես նշվել են նաև դիրքային առաջատարները՝
Պաու Կուբարսի (կենտրոնական պաշտպաններ),
Ուորեն Զաիր-Էմերի (եզրային պաշտպաններ),
Ալեքսանդեր Պավլովիչ (կենտրոնական կիսապաշտպաններ),
Քենան Յըլդըզ (հարձակվողական կիսապաշտպաններ),
Լամին Յամալ (վինգերներ) և
Վիտոր Ռոկե (հարձակվողներ)։
Այսպիսով, Գեորգի Հարությունյանը մնում է միակ հայ ֆուտբոլիստը, ով ընդգրկվել է CIES-ի գլոբալ վարկանիշում մինչև 23 տարեկան խաղացողների շարքում՝ հաստատելով իր միջազգային ներուժը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0