ԵՎՐՈ-2026 ֆուտզալի եզրափակիչ փուլի վիճակահանություն․ Հայաստանը կիմանա իր մրցակիցներին հոկտեմբերի 24-ին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 24-ին՝ Երևանի ժամանակով 13:00-ին, Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս» մարզադահլիճում կկայանա 2026 թվականի ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Մայրցամաքի տասնութ լավագույն հավաքականները կբաժանվեն չորս խմբի՝ A-ից D։ Խմբային փուլի արդյունքներով յուրաքանչյուր խմբի երկու լավագույն թիմերը կանցնեն փլեյ-օֆֆ փուլ։
Մրցաշարի ընդունող երկրներն են Լատվիան, Լիտվան և Սլովենիան, որոնք ավտոմատ կերպով կհայտնվեն համապատասխանաբար A, B և C խմբերում։
Թիմերի տեղաբաշխումն ըստ զամբյուղների հետևյալն է՝
Զամբյուղ 1․ Պորտուգալիա (գործող չեմպիոն), Իսպանիա, Ուկրաինա, Ֆրանսիա
Զամբյուղ 2․ Խորվաթիա, Իտալիա, Սլովենիա (հյուրընկալող), Չեխիա
Զամբյուղ 3․ Լեհաստան, Հայաստան, Վրաստան, Բելառուս
Զամբյուղ 4․ Բելգիա, Հունգարիա, Լատվիա (հյուրընկալող), Լիտվա (հյուրընկալող)
Տուրնիրի ձևաչափի համաձայն՝ քառորդ եզրափակչում կմրցեն հարևան խմբերի հաղթողները և երկրորդ տեղը զբաղեցրածները․
-
B խմբի հաղթողը՝ A խմբի երկրորդ տեղ
-
A խմբի հաղթողը՝ B խմբի երկրորդ տեղ
-
C խմբի հաղթողը՝ D խմբի երկրորդ տեղ
-
D խմբի հաղթողը՝ C խմբի երկրորդ տեղ
Եզրափակիչ փուլի խաղերը կանցկացվեն 2026 թվականի հունվարի 21-ից փետրվարի 7-ը։
Հայաստանի հավաքականի համար եզրափակիչ փուլի մասնակցությունը պատմական իրադարձություն է․ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը պատմության մեջ առաջին անգամ է հասել եվրոպական ֆուտզալի էլիտա։ Ընտրական փուլում Հայաստանի հավաքականը ոչ մի պարտություն չի կրել՝ տարել է 5 հաղթանակ և մեկ ոչ-ոքի, և 16 միավորով վստահորեն զբաղեցրել է առաջին տեղը։
Հայաստանի հավաքականի արդյունքները ընտրական փուլում․
-
Հայաստան – Դանիա՝ 4:3
-
Ղազախստան – Հայաստան՝ 4:4
-
Հայաստան – Ալբանիա՝ 4:0
-
Ալբանիա – Հայաստան՝ 1:5
-
Դանիա – Հայաստան՝ 1:3
-
Հայաստան – Ղազախստան՝ 4:2
Կաունասում կայանալիք վիճակահանությունը կորոշի, թե ում դեմ Հայաստանը կսկսի իր պատմական արշավը ԵՎՐՈ-2026-ում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0