Ավարտվեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը 2026. ամբողջական արդյունքները
Nika Egadze / ISU
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունվարի 17-ին ավարտվեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը 2026։ Մրցաշարը դարձավ մարզիկների պատրաստության վերջին խոշոր փուլը ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ, որոնք կմեկնարկեն փետրվարի 6-ին՝ Միլանում և Կորտինա դ’Ամպեցցոյում։
Առաջնության գլխավոր հաղթողը դարձավ Վրաստանի հավաքականը, որը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց երկու ոսկե մեդալների հավաքածու։ 23-ամյա Նիկա Էգաձեն առաջին անգամ իր կարիերայում բարձրացավ Եվրոպայի առաջնության պատվո հարթակ և միանգամից դարձավ մրցաշարի հաղթող՝ վստահորեն հաղթելով թե՛ կարճ, թե՛ ազատ ծրագրերում։
Եվս մեկ ոսկե մեդալ և երկու փոքր ոսկի Վրաստանին բերեց սպորտային զույգ Անաստասիա Մետյոլկինա / Լուկա Բերուլավան, որը մրցակիցներին ոչ մի հնարավորություն չթողեց։ Վրաստանը կարող էր հավակնել նաև ավելի շատ մրցանակների. Անաստասիա Գուբանովան ազատ ծրագրում դարձավ արծաթե մեդալակիր, սակայն ընդհանուր միավորներով զբաղեցրեց հինգերորդ տեղը։ Վրաստանի պարային զույգը առաջնությունն ավարտեց վեցերորդ հորիզոնականում։
Մնացած երկու ոսկե մեդալների հավաքածուները նվաճեցին Էստոնիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։
Ռուսաստանի հավաքականը առաջնությանը չի մասնակցել, սակայն մի քանի գեղասահորդներ, որոնք ծնվել և մեծացել են Ռուսաստանում, մրցանակակիր դարձան՝ հանդես գալով այլ երկրների հավաքականների կազմում։ Գեորգի Ռեշտենկոն Չեխիայի հավաքականի կազմում նվաճեց բրոնզե մեդալ, Անաստասիա Մետյոլկինան Վրաստանի հավաքականի կազմում հաղթեց զույգերի մրցումներում, Նիկիտա Վոլոդինը Գերմանիայի հավաքականի կազմում դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Մարիա Պավլովա / Ալեքսեյ Սվյատչենկո սպորտային զույգը, որը հանդես է գալիս Հունգարիայի դրոշի տակ և ամբողջությամբ բաղկացած է ռուս մարզիկներից, նվաճեց բրոնզե մեդալ։
Նշենք, որ հայ գեղասահորդները՝ սպորտային զույգ Կարինա Հակոպովա / Նիկիտա Ռախմանին, ինչպես նաև մենասահորդ Սեմյոն Դանիլյանցը, վիզային խնդիրների պատճառով չկարողացան մասնակցել առաջնությանը։
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 2026. արդյունքներ
Տղամարդիկ. մենասահք
Նիկա Էգաձե (Վրաստան) — 273,00
Մատեո Ռիցո (Իտալիա) — 256,37
Գեորգի Ռեշտենկո (Չեխիա) — 238,27
Կանայք. մենասահք
Նինա Պետրիկինա (Էստոնիա) — 216,14
Լեոնա Հենդրիքս (Բելգիա) — 191,26
Լարա Նակի Գուտման (Իտալիա) — 186,87
Սպորտային զույգեր
Անաստասիա Մետյոլկինա / Լուկա Բերուլավա (Վրաստան) — 215,76
Միներվա Ֆաբիեն Հազե / Նիկիտա Վոլոդին (Գերմանիա) — 203,87
Մարիա Պավլովա / Ալեքսեյ Սվյատչենկո (Հունգարիա) — 202,53
Պարեր սառույցի վրա
Լորանս Ֆուրնյե-Բոդրի / Գիյոմ Սիզերոն (Ֆրանսիա) — 222,43
Շարլեն Գինյար / Մարկո Ֆաբրի (Իտալիա) — 210,34
Լիլա Ֆիր / Լյուիս Գիբսոն (Մեծ Բրիտանիա) — 209,51
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0