«Ես չեմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում» — Օգնյեն Չանչարևիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը մեկնաբանել է իր բացակայությունը ազգային թիմի խաղացողների ցուցակում մարտ ամսին նախատեսված ընկերական հանդիպումների համար։ Հարցազրույցը դարպասապահը տվել է «InsideYAN» տելեգրամյան ալիքին։
Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել էր արտասահմանում հանդես եկող և առաջիկա հավաքին հրավիրված խաղացողների ցուցակը, սակայն Չանչարևիչը դրանում ընդգրկված չէր։
Դարպասապահի խոսքով՝ մարտյան հանդիպումները բաց թողնելու որոշումը ընդունվել է հավաքականի մարզչական շտաբի հետ համատեղ։
«Մենք խոսել ենք Եղիշե Մելիքյանի և հավաքականի դարպասապահների մարզիչ Ստեփան Դեմիրճյանի հետ։ Համատեղ որոշեցինք, որ մարտյան հավաքը բաց կթողնեմ, որպեսզի մյուս դարպասապահները խաղային ժամանակ ստանան։ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը ընկերական հանդիպումներում հնարավորություն կտա նաև մյուս դարպասապահներին։
Մելիքյանն ասաց, որ պահպանեմ մարզավիճակս։ Նա նաև չէր ցանկանում ինձ անհանգստացնել, քանի որ վերջերս տեղափոխվել եմ Սերբիա», — նշել է Չանչարևիչը։
Դարպասապահը ընդգծել է, որ չի ավարտել իր կարիերան ազգային հավաքականում և հույս ունի կրկին հրավեր ստանալ։
«Ես չեմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում։ Հուսով եմ՝ դեռ կստանամ իմ հրավերը։ Այժմ Սերբիայի առաջնությունում մշտական խաղային պրակտիկա եմ ստանում և պահպանում եմ մարզավիճակս», — նշել է նա։
Հայաստանի հավաքականը մարտին ընկերական հանդիպումներ կանցկացնի Բելառուսի և ԱՄԷ-ի հավաքականների դեմ։
Ակնկալվում է, որ այս հանդիպումներում իրենց դրսևորելու հնարավորություն կարող են ստանալ դարպասապահներ Հենրի Ավագյանը, Արսեն Բեգլարյանը, Արսեն Ներսեսյանը, Գոռ Մատինյանը կամ Ալեքսանդր Միշիևը («Ուրարտու»)։
Հայաստանի առաջնությունից ազգային հավաքական հրավիրվող խաղացողների վերջնական ցուցակը կհրապարակվի ավելի ուշ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0