Վիրջիլ Պինսոնը կշարունակի կարիերան Իսրայելում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Վիրջիլ Պինսոնը հեռացել է «Նոա»-ից և կշարունակի կարիերան Իսրայելում։ 29-ամյա ֆրանսիացի վինգերը պայմանագիր է կնքել «Մաքաբի Բնեյ Ռեյնե»-ի հետ, որը ներկայումս Իսրայելի առաջնությունում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։
Պինսոնը իր կարիերայի լավագույն հատվածն անցկացրել է հենց Հայաստանում։ «Նոա»-ի կազմում նա մասնակցել է 62 հանդիպման՝ խփելով 11 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում՝ դառնալով թիմի հարձակման գծի առանցքային խաղացողներից մեկը։
Հատկապես վառ ֆրանսիացին հանդես եկավ 2024/25 չեմպիոնական մրցաշրջանում։ Պինսոնը մեծ ներդրում ունեցավ տիտղոսի նվաճման գործում, ինչպես նաև կարևոր դեր խաղաց «Նոա»-ի՝ տվյալ մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ դուրս գալու ճանապարհին։
Վերջին շրջանում Վիրջիլը դուրս էր մնացել թիմի հիմնական կազմից, ինչից հետո կողմերը որոշեցին շարունակել ֆուտբոլիստի կարիերան Հայաստանից դուրս։ Տրանսֆերի մանրամասները չեն հաղորդվում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0