Հունգարիայի դարպասապահ․ «Աշխարհի առաջնության մասին երազելու համար պետք է հաղթել Հայաստանին»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունգարիայի ազգային հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնության ընտրական փուլի կարևորագույն հանդիպմանը Հայաստանի հավաքականի դեմ, որը կկայանա շաբաթ օրը Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում»։
Ինչպես հայտնում է Csakfoci.hu-ն, Անգլիայի «Բլեքբեռն Ռովերս» ակումբի և Հունգարիայի հավաքականի դարպասապահ Բալաժ Տոտը մամուլի ասուլիսում նշել է, որ Հայաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակը գլխավոր պայմանն է՝ պահպանելու հույսերը աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։
«Եթե ցանկանում ենք երազել աշխարհի առաջնության մասին, պարտադիր է հաղթել Հայաստանին։ Այս խաղին պետք է մոտենանք նույն կենտրոնացմամբ, ինչպիսին Պորտուգալիայի հետ հանդիպման ժամանակ էր, երբ պարտվեցինք միայն վերջին րոպեներին», — ասել է Տոտը։
Ֆուտբոլիստը շեշտել է, որ Հայաստանը թերագնահատել չի կարելի․
«Հայերն արդեն ապացուցել են իրենց ներուժը՝ հաղթելով Իռլանդիային։ Դա տեխնիկապես ուժեղ և կարգապահ թիմ է, սակայն մենք պետք է խաղանք առավելությամբ և երեք միավորը թողնենք տանը»։
Հավաքական է վերադարձել նաև պաշտպան Բոտոնդ Բալոգը, ով վերջերս իտալական «Պարմայից» տեղափոխվել է թուրքական Kocaelispor։ Նրա խոսքով՝ ակումբի փոփոխությունը օգնել է վերականգնել խաղային պրակտիկան և վստահությունը։
«Թեև սկզբում չէի ծրագրում տեղափոխվել Թուրքիա, այժմ համոզված եմ, որ դա ճիշտ որոշում էր։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի հավաքականին, բայց ցանկանում ենք ցույց տալ կենտրոնացած և վստահ խաղ՝ հասնելու հաղթանակի», — նշել է Բալոգը։
Հունգարիա — Հայաստան հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը, Երևանի ժամանակով 20:00-ին, լեփ-լեցուն «Պուշկաշ Արենայում»։ Երկու տուրերից հետո խմբին առաջնորդում է Պորտուգալիան՝ 6 միավորով, Հայաստանը երկրորդ տեղում է՝ 3 միավորով, իսկ Հունգարիան և Իռլանդիան ունեն մեկական միավոր։ Խմբի հաղթողը կստանա ուղիղ ուղեգիր աշխարհի առաջնություն, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած թիմը կմասնակցի փլեյ-օֆֆ փուլին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0