Վազգեն Թևանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Pro Wrestling League 2026-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը անցկացրել է հերթական գոտեմարտը Pro Wrestling League 2026-ի շրջանակում, որը տեղի է ունենում Հնդկաստանի Նոյդա քաղաքում։
Maharashtra Kesari թիմի կազմում հանդես եկող Թևանյանը մրցել է Ադրբեջանի գործող բրոնզե մեդալակիր Ալի Ռահիմզադեի հետ, որը ներկայացնում է Tiigers of Mumbai Dangals թիմը։ Գոտեմարտն ավարտվել է հայ մարզիկի հաղթանակով՝ 5:2 հաշվով։
Գոտեմարտի ելքը վճռվել է վերջին վայրկյաններին։ 1:1 հաշվի ժամանակ Թևանյանը զիջում էր մրցակցին վերջին վաստակած միավորի չափանիշով և գտնվում էր պարտության վտանգի տակ․ հայ ըմբիշի համար գրանցվել էր նաև activity time, և արդյունավետ գործողության բացակայության դեպքում նա կպարտվեր 1:2 հաշվով։ Սակայն Վազգենը կարողացավ վերջին վայրկյաններին վաստակել վճռորոշ միավորներ և կորզել հաղթանակը։
Գոտեմարտի ամբողջական տեսանյութը։
Ավելի վաղ լիգայի շրջանակում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արման Անդրեասյանը (74 կգ), որը հանդես է գալիս UP Dominators թիմի կազմում, 5:12 հաշվով պարտվել է հնդիկ ըմբիշ Չանդերմոհանին (Punjab Royals)։
Նշենք, որ Pro Wrestling League-ը (PWL) պրոֆեսիոնալ ըմբշամարտի լիգա է, որը հիմնադրվել է 2015 թվականին։ Մրցաշարի վերջին մրցաշրջանը կայացել է 2019-ին, իսկ 2026 թվականից լիգան պաշտոնապես վերսկսել է իր գործունեությունը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0