«Վանը» տեղափոխվում է «Ալաշկերտ», ռուս գործարարը դարձավ հայկական ակումբի համասեփականատեր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկած Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբը փաստացի կորցրել է իր հիմնական կազմը։ Թիմի հիմնական խաղացողները և մարզչական շտաբը պաշտոնապես անցնում են երևանյան «Ալաշկերտ», որը նոր մրցաշրջանից կդառնա ռուս ներդրող Անտոն Զինգարևիչի ֆուտբոլային ծրագրի շարունակման հարթակը։
Զինգարևիչը համատեղ սեփականության համաձայնագիր է ստորագրել գործարար Բագրատ Նավոյանի հետ՝ դառնալով «Ալաշկերտի» համասեփականատեր։ Նրանց նպատակն է Երևանում ստեղծել հզոր և մրցունակ ակումբ։ Հայտարարության մեջ նշվում է, որ նախորդ մրցաշրջանում «Վանում» սկսված ծրագիրը կշարունակվի արդեն նոր կառուցվածքի ներքո։
Հունիսի 20-ից թիմը կմեկնարկի նոր մրցաշրջանի նախապատրաստական աշխատանքները՝ արդեն «Ալաշկերտի» դրոշի ներքո։ Ակումբի փոխնախագահ է նշանակվել Տիգրան Մկրտչյանը։
Ինչ վերաբերում է հենց «Վանի» ապագային՝ այն առայժմ մնում է անորոշ։ Ակումբը զրկվել է մարզչական շտաբից, խաղացողներից և առանցքային ներդրողից։ Պաշտոնական տեղեկություն չկա, թե արդյոք այն կշարունակի հանդես գալ որևէ լիգայում։ Որոշումը, ամենայն հավանականությամբ, կախված կլինի ակումբի ղեկավարության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դիրքորոշումից։
Ավելի վաղ Անտոն Զինգարևիչը եղել է բուլղարական «Բոտև» (Պլովդիվ) և մինչ այդ՝ անգլիական «Ռեդինգ» ակումբների սեփականատերը։ Սակայն Բուլղարիա մուտքի արգելքից հետո (10 տարով), դուրս է եկել «Բոտևի» կառավարման կազմից։ Այժմ նա ամբողջությամբ կենտրոնացած է Հայաստանի ծրագրի վրա։
«Ալաշկերտի» պաշտոնական հայտարարությունը․
Անտոն Զինգարևիչն ու Բագրատ Նավոյանը ստորագրել են պայմանագիր, ըստ որի նրանք կհանդիսանան «Ալաշկերտ» ՖԱ-ի համասեփականատերեր։
Կողմերը համատեղ սկսում են նոր ճանապարհ։ Գործակցության նպատակն է «Ալաշկերտ» ՖԱ-ն դարձնել հզոր ու մարտունակ ակումբ։
Նախորդ մրցաշրջանում «Վանում» սկսված նախագիծը կշարունակվի «Ալաշկերտում»։ «Վանի» մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների ամբողջ կազմը կպաշտպանեն «Ալաշկերտի» գույները։
Հունիսի 20-ից թիմը կսկսի նախապատրաստությունը նոր մրցաշրջանին։
«Ալաշկերտի» փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի Տիգրան Մկրտչյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0