Վահան Բիչախչյան․ անցումը «Լեգիա» և սպասելիքները Վրաստանի դեմ խաղերից
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը FAA TV-ին տված հարցազրույցում պատմել է Վարշավայի «Լեգիա» տեղափոխության մասին, ինչպես նաև կիսվել իր մտքերով Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի շրջանակներում Վրաստանի հավաքականի դեմ առաջիկա դիմակայության վերաբերյալ։
«Տարվա սկզբին «Լեգիայի» գլխավոր մարզիչը կապվեց ինձ հետ և առաջարկեց միանալ թիմին։ Այդ պահին իմ պայմանագրի ավարտին մնացել էր վեց ամիս, և ես որոշեցի, որ ժամանակն է առաջ շարժվելու։ Ես Թուրքիայի հավաքում էի «Պոգոնի» հետ, բայց հետո ուղևորվեցի Վարշավա, անցա բուժզննում և ստորագրեցի պայմանագիր։ Ամեն ինչ շատ արագ ստացվեց, և ես ուրախ եմ այս տեղափոխության համար»,- ասաց Բիչախչյանը։
Կիսապաշտպանը նշեց, որ արդեն երկու ամիս է հարմարվում նոր թիմին․ «„Լեգիան“ խաղում է հարձակողական ֆուտբոլ, վերահսկում է գնդակը և ուժեղ կազմ ունի։ Ես ինձ հարմարավետ եմ զգում այս համակարգում»։
Խոսելով Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերի մասին՝ Բիչախչյանը ընդգծեց, որ մեծ ոգևորությամբ է միանում ազգային թիմին․ «Հավաքականի խաղերը միշտ առանձնահատուկ են։ Մենք լավ տրամադրվածությամբ ենք պատրաստվում, և վստահ եմ, որ մեզ հետաքրքիր հանդիպումներ են սպասվում։ Ունենք ուժեղ կազմ և լավ պատրաստված ենք։ Հուսով եմ՝ կհասնենք դրական արդյունքի»։
Հիշեցնենք, որ 25-ամյա Բիչախչյանը հունվարին «Պոգոնից» տեղափոխվեց «Լեգիա»։ Հայաստանի հավաքականը մարտի 16-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանի դեմ մարտի 20-ին Երևանում կայանալիք հանդիպման նախաշեմին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0