Վանաձորում կկառուցվի ժամանակակից մարզադաշտ 2029 թ. երիտասարդական աշխարհի առաջնության համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել 2029 թ․ երիտասարդական ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը նախատեսվում է կազմակերպել Վրաստանի հետ համատեղ։ Մրցաշարի առանցքային ենթակառուցվածքներից մեկը կլինի Վանաձորի նորոգված մարզադաշտը։
Կառավարության նիստում հայտարարվեց, որ Վանաձորի գործող մարզադաշտը, որը նախատեսված է 3000 հանդիսականի համար և վաղուց այլևս չի շահագործվում նպատակային ձևով, ամբողջությամբ կվերակառուցվի։ Դրա տարողությունը կհասնի 11 հազար հանդիսականի, իսկ ՈւԵՖԱ-ի ստանդարտներին համապատասխանության կարգավիճակը կբարձրանա երկրորդից մինչև չորրորդ կարգ, ինչը կդարձնի այն բարձր կարգի միջազգային խաղերի անցկացման հարմար։
Մարզադաշտի նախագծումը հանձնվել է VenueEra Holding միջազգային ընկերությանը, որն ավելի վաղ մասնակցել է Բուդապեշտի, Սանկտ Պետերբուրգի և մի շարք այլ քաղաքների մարզադաշտերի նախագծմանը։ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կատարել է փակ մրցույթ արագացված ընթացակարգով՝ հաշվի առնելով նախապատրաստական սեղմ ժամկետները։ Նախագծման արժեքը կկազմի 593 հազար եվրո, իսկ տևողությունը՝ 8 ամիս։
Կառավարությանը ներկայացված հիմնավորման համաձայն՝ Վանաձորի մարզադաշտի կառուցումը Հայաստանի և Վրաստանի համատեղ հայտի մաս է 2029 թվականի երիտասարդական մունդիալը կազմակերպելու համար։ ՈւԵՖԱ-ն արդեն իսկ դրական է արձագանքել Հայաստանի հատվածին, սակայն վերջնական հաստատումը կախված է մի շարք տեխնիկական պայմանների կատարմանց, որոնցից գլխավորը չորրորդ կարգի մարզադաշտի առկայությունն է։
Վանաձորի նոր մարզադաշտը կդառնա ապագա «Ակադեմիական քաղաքի» առաջատար օբյեկտներից մեկը՝ Լոռու մարզում իրագործվող խոշոր ենթակառուցվածքային նախագծի շրջանակում։ Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2026 թ․ ամռանը, իսկ ավարտը՝ ոչ ուշ քան 2028 թ․ կեսը։
Այսպիսով, Վանաձորը ոչ միայն կստանա ժամանակակից սպորտային համալիր, այլև հնարավորություն՝ դառնալու երիտասարդական աշխարհի առաջնության առանցքային քաղաքներից մեկը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0