Երևանում կանցկացվի Եվրասիական լիգայի միջազգային բասկետբոլային մրցաշարը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Փետրվարի 16-ից 21-ը Երևանում կանցկացվի Եվրասիական լիգայի միջազգային բասկետբոլային մրցաշարը, որը կհամախմբի 5 երկրների 7 թիմերի։ Մրցումները կանցկացվեն Զարգացման մարզական կենտրոնում (նախկին «Միկա» համալիր), իսկ մուտքը երկրպագուների համար կլինի ազատ։
Մրցաշարի մանրամասները մամուլի ասուլիսում ներկայացրել են «Ուրարտու» ակումբի և Եվրասիական լիգայի նախագահ Կարեն Գիլոյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը։
Գիլոյանի խոսքով՝ մրցաշարի անցկացումը քայլ է Հայաստանում լիարժեք պրոֆեսիոնալ բասկետբոլային լիգա ստեղծելու ուղղությամբ։
«Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ եկել ենք այն եզրակացության, որ երկրին անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բասկետբոլային լիգա։ Հայաստան կժամանեն իրենց ուժեղագույն կազմերով վրացական «Օրբի»-ն, լիբանանյան «Հուպս»-ը, ամերիկյան «Փայլոթ»-ը, ղազախական «Բարսեր»-ը, ինչպես նաև հայկական «Հատիս», «Ուրարտու» և «Էրեբունի» ակումբները։ Ընդհանուր առմամբ կմասնակցեն 7 թիմեր», — նշել է Եվրասիական լիգայի նախագահը։
Նա ընդգծել է, որ մրցաշարը կարևոր հնարավորություն է հայկական ակումբների համար՝ ձեռք բերելու միջազգային փորձ և ստուգելու իրենց մրցունակությունը։ Հաջող ելույթի դեպքում ապագայում կարող է քննարկվել առավել հեղինակավոր մրցաշարերին՝ Չեմպիոնների լիգային կամ եվրոպական ակումբային մրցաշարերին մասնակցության հարցը։
Արսեն Մակվեցյանը նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում մայրաքաղաքում կազմակերպվել են մի շարք միջազգային մրցումներ, և այժմ Եվրասիական լիգան կդառնա մեծահասակների համար խոշոր մրցաշար։
Նրա խոսքով՝ քաղաքապետարանը ֆեդերացիայի հետ համատեղ նպատակ ունի զարգացնելու բասկետբոլի մասսայականությունը, այդ թվում՝ մանկապարտեզներում կրթական ծրագրի գործարկման միջոցով։ Խաղային մարզաձևերը, այդ թվում՝ բասկետբոլը, գտնվում են քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը այս տարի կազմում է 6 միլիոն դրամ։ Կազմակերպիչները նշում են, որ մրցաշարը կունենա պարբերական բնույթ և կդառնա միջազգային բասկետբոլային համագործակցության տարեկան հարթակ։
Մասնակից թիմեր
Մրցաշարին կմասնակցեն՝
«Ուրարտու» (Հայաստան)
«Հատիս» (Հայաստան)
«Էրեբունի» (Հայաստան)
«Օրբի» (Վրաստան)
«Հուպս» (Լիբանան)
«Փայլոթ» (ԱՄՆ)
«Բարսեր» (Ղազախստան)
Մրցաշարի եզրափակիչը կկայանա փետրվարի 21-ին։ Բոլոր հանդիպումների մուտքն ազատ է։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0