Երևանում կկառուցվի սպորտ-մշակութային համալիր Համահայկական խաղերի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի կառավարությունը հաստատել է «Ջրվեժի» անտառապարկի տարածքում բազմաֆունկցիոնալ սպորտ-մշակութային կենտրոն կառուցելու նախագիծը։ Որոշումը ընդունվել է Համահայկական խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքների շրջանակում։
Նախաձեռնության իրագործման նպատակով Համահայկական կոմիտեին տրամադրվել է 23.3 հա հողատարածք՝ 50 տարի ժամկետով շինարարության իրավունքով։ Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 20.9 միլիարդ դրամ, իսկ իրագործման ժամկետը նախատեսված է 13 տարի։
Նոր համալիրը կդառնա խաղերի մասնակիցների հիմնական կենտրոնը՝ ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային։ Մնացած ժամանակ այն կօգտագործվի երիտասարդական ճամբարների, մշակութային և կրթական ծրագրերի, Հայաստան–Սփյուռք միջոցառումների, ինչպես նաև հանգստի ու ժամանցի կազմակերպման համար։
Առաջին փուլում նախատեսվում է էկո-տնակների, ճաշարանի և բժշկական կենտրոնի տեղադրում։ Կառույցները կտեղադրվեն ծառերից ազատ հատվածներում և չեն ենթադրի կապիտալ շինարարություն։ Հաջորդ փուլերում ծրագիրը ներառելու է մարզադահլիճների և մարզասրահների կառուցում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է տնկել շուրջ 20 հազար ծառ և ստեղծել ավելի քան 1200 նոր աշխատատեղ։
Համալիրը սպասարկելու և պահպանելու ծախսերը ստանձնելու է Համահայկական կոմիտեն։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0