Հայաստանում կհայտնվի առաջին պրոֆեսիոնալ ավտոմրցուղին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանում իրականացվում է խոշոր ավտոսպորտային նախագիծ․ Եղվարդ քաղաքի հարևանությամբ կառուցվում է երկրի առաջին պրոֆեսիոնալ ավտոմրցուղին։ Դանիել Դալլաքյանի անունը կրող քարտոդրոմը կարևոր քայլ կլինի տարածաշրջանում ավտոսպորտի և մոտոսպորտի զարգացման համար։
Շինարարական աշխատանքները սկսվել են մի քանի ամիս առաջ։ Նախագծի համաձայն՝ մրցուղու հանդիսավոր բացումը նախատեսվում է 2026 թվականի մայիսին, իսկ բոլոր փուլերի ամբողջական ավարտը՝ 2028 թվականին։
Մրցուղու երկարությունը կկազմի 1688 մետր։ Այն կունենա 17 շրջադարձ՝ 10 աջ և 7 ձախ, իսկ ճանապարհածածկի լայնությունը կլինի 8–10 մետր, ինչը թույլ կտա անցկացնել տարբեր կարգերի մրցումներ։ Նախագիծը նախատեսված է GT3 դասի ավտոմեքենաների, մարդատար ավտոմեքենաների, մոտոցիկլների և քարտերի համար։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում միջազգային պահանջներին համապատասխանությանը․ մրցուղին կկառուցվի FIA ստանդարտներին համապատասխան։ Սա հնարավորություն կտա անցկացնել պաշտոնական մրցումներ և ստանալ FIA լիցենզիաներ, որոնք անհրաժեշտ են պրոֆեսիոնալ մրցարշավներին մասնակցելու համար։
Բացի մրցուղուց, համալիրի տարածքում նախատեսվում է ստեղծել ավտոսպորտային ակադեմիա։ Այստեղ երիտասարդ հայ մրցարշավորդները կկարողանան մարզվել եվրոպացի մասնագետների ղեկավարությամբ։ Սպասվում է, որ սա նրանց համար կբացի իրական հնարավորություններ մասնակցելու Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջնություններին։
Նոր ավտոդրոմը նպատակ ունի ոչ միայն զարգացնել ավտոսպորտը Հայաստանում, այլև բարձրացնել երկրի զբոսաշրջային գրավչությունը՝ ներգրավելով միջազգային մրցումներ և սպորտային միջոցառումներ։
Շինարարության ընթացքը ներկայում

Դանիել Դալլաքյանը 16-ամյա պրոֆեսիոնալ քարտինգիստ և F4 դասի մրցարշավորդ է Իսպանիայից։
Նա ծնվել է Վալենսիայում (Իսպանիա), սակայն միջազգային մրցաշարերում ներկայացնում է Հայաստանը։
Նրա անմիջական մասնակցությամբ շուտով Հայաստանում կբացվի առաջին պրոֆեսիոնալ ավտոմրցուղին, որը կկրի նրա անունը։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0