ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է 2025-ի «Տարվա լավագույններ» մրցույթի մեկնարկը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է 2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» ավանդական մրցույթի մեկնարկի մասին։ Նախաձեռնությունը նպատակ ունի խրախուսելու տարվա ընթացքում ամենախոշոր հաջողություններ գրանցած մարզիկներին և մարզիչներին, որոնք իրենց հաղթանակներով նպաստել են Հայաստանի ճանաչելիության, հեղինակության և ազգային արժեքների տարածմանը միջազգային հարթակներում։
Մրցույթի հաղթողները կհորոշվեն նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների փակ ու գաղտնի քվեարկությամբ, որի արդյունքները կհամադրվեն համապատասխան կարգով։
Կազմակերպչական աշխատանքները կիրականացնի ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորվող հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվելու են նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանձնաժողովի ձևավորումը նախատեսված է ավարտել մինչև դեկտեմբերի 10-ը։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հավաքականների կազմում հանդես եկող մարզիկներն ու մարզիչները։ Մինչև դեկտեմբերի 18-ը նախարարությունը հանձնաժողովին է ներկայացնելու առաջադրվողների անվանացանկերը՝ ըստ օլիմպիական, ոչ օլիմպիական (ՄՕԿ-ի կողմից ճանաչված), պարալիմպիկ և սուրդլիմպիկ մարզաձևերի։ Ցանկերում կընդգրկվեն 2025 թվականին օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, Եվրոպական խաղերում, Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, ունիվերսիադայում և այլ բարձրակարգ մրցաշարերում նշանակալի հաջողություններ ունեցող մարզիկները։ Առանձնապես կընդգծվեն նրանք, ովքեր նպաստել են Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը և Հայաստան–սփյուռք կապերի ամրապնդմանը։
Առաջադրվող մարզիչների թվում կլինեն գլխավոր, ավագ, երկրորդ և անձնական մարզիչները, որոնց սաները տարվա ընթացքում ցուցաբերել են ամենաբարձր արդյունքները։
Հանձնաժողովին ներկայացվող անվանացանկերը պետք է համապատասխանեն մրցույթի հետևյալ անվանակարգերին․
-
լավագույն 3 մարզիկներ
-
լավագույն կին մարզիկ
-
հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ
-
լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ)
-
լավագույն երիտասարդ մարզիկ
-
վերադարձ մեծ սպորտ ու/կամ հայտնություն
-
ՀՀ-ը լավագույնս հանրահռչակած մարզիկ
-
լավագույն մարզիչ
-
հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ)
Զտված և հաստատված ցանկերը հանձնաժողովը նախարարությանը կմատուցի մինչև դեկտեմբերի 19-ը։
Յուրաքանչյուր անվանակարգի հաղթող կպարգևատրվի դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողը կստանա հուշանվեր։
Լրագրողների հավատարմագրման և մրցույթի անցկացման ժամկետների մասին նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0