Unity EURO Cup 2025․ հայկական փախստականների թիմը մեկ քայլ հեռու էր հաղթանակից
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 16-ին Նիդեռլանդներում ավարտվեց Unity EURO Cup 2025 միջազգային մրցաշարը, որը կազմակերպվել էր ՈՒԵՖԱ-ի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) կողմից։ Հայ փախստականների հավաքականը ցուցադրեց տպավորիչ խաղ և հասավ եզրափակիչ, որտեղ միայն 11 մետրանոց հարվածաշարում զիջեց Ֆինլանդիայի թիմին։
Հայկական թիմը վստահորեն անցավ խմբային փուլը, իսկ փլեյ-օֆֆ փուլում ցուցաբերեց կամք և հաստատակամություն։ Քառորդ եզրափակչում հայերը 2:1 հաշվով հաղթեցին Հյուսիսային Իռլանդիային, այնուհետև նույն հաշվով՝ Իռլանդիային։ Կիսաեզրափակչում հայկական շտաբի սաները կամային հաղթանակ տարան Հունաստանի հավաքականի նկատմամբ՝ 1:0 հաշվով։
Ֆինլանդիայի դեմ եզրափակիչը դարձավ իսկական փորձություն։ Երկու թիմերն էլ հանդես եկան բարձր կարգապահությամբ և ինքնազոհությամբ, սակայն հիմնական ժամանակում հաշիվը մնաց 0:0։ Գավաթի ճակատագիրը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի հաջողակ էին ֆինները։
Unity EURO Cup-ը ոչ միայն սպորտային մրցաշար է, այլև միասնության և փոխըմբռնման խորհրդանիշ։ Այն ցույց է տալիս, որ ֆուտբոլը կարող է հույս ներշնչել, միավորել տարբեր ազգերի և մշակույթների մարդկանց, ինչպես նաև նոր ուղիներ բացել նրանց համար, ովքեր հեռացել են իրենց հայրենիքից։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0