«Մենք սահմաններ չունենք». ինչ էին ասում Հայաստանի հավաքականում Չեխիայի դեմ կրակոտ 5:4-ից հետո
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ԵՎՐՈ-2026-ի ֆուտզալի երկրորդ տուրում Չեխիայի դեմ հագեցած ու էմոցիոնալ խաղից հետո (5:4), Հայաստանի հավաքականում չէին թաքցնում հպարտությունն ու ուրախությունը։ Ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը ընդգծեցին թիմի ոգին և հավաքականում տիրող յուրահատուկ մթնոլորտը։
Հայաստանի հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանը, ով նաև գոլի հեղինակ դարձավ, այս հաղթանակը համարեց պատմական՝ ողջ երկրի համար։
«Սա պատմական հաղթանակ է։ Խաղը շատ բարդ էր։ Բայց հրաշալի է, որ չկոտրվեցինք։ Վերադարձանք խաղ և կարողացանք հաղթել։ Թիմում հրաշալի մթնոլորտ է, մենք երկար ու քրտնաջան աշխատել ենք։ Մենք ընտանիք ենք։ Ահա թե ինչու ենք կարողանում նման բաների հասնել։ Ո՞րն է այս թիմի սահմանը։ Չկա նման բան։ Մենք շարունակելու ենք զարմացնել ֆուտզալի երկրպագուներին և մեր երկիրը»։
Նրա խոսքով՝ թիմի համախմբվածությունը և տարիների աշխատանքը դարձել են հաջողության բանալին՝ ամենաբարձր մակարդակում։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը խոստովանեց, որ նման զգացումներ վաղուց չէր ապրել։
«Սա հիանալի զգացում է՝ լավագույնը երկար ժամանակում։ Հուսով եմ՝ շարունակելու ենք ուրախացնել մեր ազգին։ Մենք շատ վստահ ենք մեր վրա, այդ վստահությունն էլ բերել ենք որակավորման փուլից։ Հիմա կպատրաստվենք խմբային փուլի վերջին՝ Լիտվայի դեմ խաղին»։
Նրա խոսքով՝ թիմի վստահությունը պատահական չէ, այն կառուցվել է որակավորման փուլից, և այժմ կարևոր է այն պահպանել մինչև խմբային փուլի ավարտը։
Այս հաղթանակով Հայաստանի հավաքականն ապահովեց տեղը ԵՎՐՈ-2026-ի փլեյ-օֆֆ փուլում։
Հաջորդ հանդիպումը Լիտվայի դեմ է՝ հունվարի 28-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
1