Ուգոչուկու Իվու. «Ես կիսով չափ հայ եմ և երազում եմ խաղալ “Լիվերպուլի” կազմում»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի և Ղազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկու Իվուն ՖՖՀ մամուլի ծառայությանը տված հարցազրույցում կիսվել է իր տպավորություններով ազգային թիմի՝ Հունգարիայի և Իռլանդիայի դեմ առաջիկա խաղերի նախապատրաստական շրջանից, ընդգծել գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դերը, ինչպես նաև պատմել իր անձնական նպատակների ու երազանքների մասին։
Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Բուդապեշտում կանցկացնի արտագնա հանդիպում Հունգարիայի հավաքականի դեմ՝ աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում, իսկ հոկտեմբերի 14-ին կխաղա Դուբլինում՝ Իռլանդիայի դեմ։
«Այժմ հավաքականում ամեն ինչ լավ է։ Մթնոլորտը թե՛ մարզումներում, թե՛ հանդերձարանում՝ ամենաբարձր մակարդակի վրա է։ Հաղթանակը Իռլանդիայի նկատմամբ վստահություն տվեց բոլորիս։ Մինչ այդ եղել էին պարտություններ, բայց այդ երեք միավորը մեզ նոր ուժ և մոտիվացիա հաղորդեց», — նշել է Իվուն։
Ֆուտբոլիստը առանձնացրել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչին.
«Եղիշե Մելիքյանը հիանալի մարզիչ է և հրաշալի մարդ։ Նա փոխեց թիմը՝ նախևառաջ մոտիվացիայի և մթնոլորտի առումով։ Նա իսկական առաջնորդ է, և մեզ հենց նման մասնագետ էր պետք։ Երբ ես խաղում էի “Ուրարտու”-ում, նրա “Փյունիկը” միշտ դժվարություններ էր ստեղծում մեզ համար։ Արդեն այն ժամանակ պարզ էր, որ նա բարձրակարգ մարզիչ է»։
Խոսելով հավաքականի խաղընկերների մասին՝ Իվուն ընդգծել է իր համագործակցությունը Սպերցյանի հետ.
«Էդուարդը հիանալի ֆուտբոլիստ է։ Մենք գործում ենք նման դիրքերում, բայց շատ լավ ենք հասկանում միմյանց։ Ընդհանուր առմամբ, թիմում մթնոլորտը հրաշալի է, և ես բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ»։
Կիսապաշտպանը նաև խոսել է Հայաստանի հետ իր կապի մասին.
«Հայաստանը մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա՝ թե՛ որպես ֆուտբոլիստի, թե՛ որպես մարդու։ Ես այստեղ եկա շատ երիտասարդ տարիքում և վստահ կարող եմ ասել, որ ես կիսով չափ հայ եմ»։
Իվուն ընդգծել է, որ Ղազանի «Ռուբինում» ամեն ինչ լավ է ընթանում, սակայն չի թաքցրել իր ցանկությունը՝ ուժերը փորձելու Եվրոպայի ուժեղ առաջնություններից մեկում.
«“Ռուբինում” ամեն ինչ լավ է՝ հիանալի թիմ, քաղաք և մարդիկ։ Բայց, ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ես էլ երազում եմ ավելին։ Եթե հնարավորություն լինի տեղափոխվելու բարձրակարգ լիգա, անպայման կօգտվեմ դրանից։ Իմ երազանքն է՝ խաղալ “Լիվերպուլի” կազմում»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0