Ուգոչուկվու Իվուն վիրահատվել է — վերադարձի ժամկետները անհայտ են
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի և Կազանի «Ռուբին»-ի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն վիրահատվել է։ Ֆուտբոլիստի վերադարձի ժամկետները ներկայումս անհայտ են։ Այս մասին հայտնել է ռուսական թիմի գլխավոր մարզիչ Ֆրանկ Արտիգան։
Մարզչի խոսքով՝ ակումբում կադրային իրավիճակը շարունակում է բարդ մնալ բազմաթիվ վնասվածքների պատճառով․
«Բանն այն է, որ հավաքների մեկնարկին մենք արդեն ունեինք ութ վնասվածք ունեցող ֆուտբոլիստ, և նրանցից շատերը ստացել էին բավական լուրջ վնասվածքներ։ Ինչ վերաբերում է Իվուին, ապա մենք չենք կարող նշել նրա վերադարձի հստակ ամսաթիվը — իրականացվել է վիրահատություն»։
Արտիգան նաև նշել է, որ վնասվածքների հետ կապված խնդիրները կարող են ազդել «Ռուբին»-ի տրանսֆերային ծրագրերի վրա․
«Եթե խոսենք կոնկրետ դիրքերի մասին, ապա, հավանաբար, կիսապաշտպանության գիծը։ Իվուն և Շվեցը վնասվածք ունեն, Կուզյաևը անսպասելի վնասվածք ստացավ՝ կողի կոտրվածք։ Այս հարցը կքննարկենք սպորտային տնօրենի հետ։ Ուժեղացումը չէր խանգարի»։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Իվուն անցկացրել է 14 հանդիպում և կատարել 3 գոլային փոխանցում։ Բացի այդ, կիսապաշտպանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 21 հանդիպման։
Ներկայումս «Ռուբին»-ը ավարտում է ձմեռային հավաքները Թուրքիայում։ Մրցաշրջանի երկրորդ հատվածի վերսկսումը տեղի կունենա փետրվարի 28-ին՝ «Դինամո Մախաչկալա»-ի դեմ խաղով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0