Ուգոչուկվու Իվուն այլևս չի խաղա 2025/26 մրցաշրջանում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի և Կազանի «Ռուբինի» կենտրոնական կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն այլևս չի խաղա ընթացիկ՝ 2025/26 մրցաշրջանում։ Ֆուտբոլիստը վիրահատությունից հետո մի քանի ամիս բաց կթողնի։
Այս մասին հայտնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Կարեն Ռաֆայելյանի փոդքաստում։ Նրա խոսքով՝ խաղացողի վերականգնումը կտևի առնվազն չորս ամիս։
Այսպիսով, Հայաստանի հավաքականի առանցքային կիսապաշտպաններից մեկը բաց կթողնի թիմի առաջիկա ընկերական հանդիպումները՝ ԱՄԷ-ի (մարտի 26) և Բելառուսի (մարտի 29) դեմ, ինչպես նաև հունիսին նախատեսված ընկերական խաղերը։ Բացի այդ, Մելիքյանը չի բացառել, որ Իվուն կարող է չհասցնել վերականգնվել նաև Ազգերի լիգայի պաշտոնական հանդիպումներին, որոնք նախատեսված են սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։
«Իվուի մասին այս լուրը ինձ շատ անհանգստացրեց։ Երբ իմացա դրա մասին, շատ հիասթափվեցի։ Հիմա պետք է նրան փոխարինող գտնեմ, որը դեռ չկա», — նշել է Մելիքյանը։
Գլխավոր մարզիչը նաև հայտնել է, որ առաջիկա ընկերական հանդիպումների համար նախատեսվում է հրավիրել մեծ թվով երիտասարդ ֆուտբոլիստների։ Իվուին փոխարինելու թեկնածուների թվում նա առանձնացրել է «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանին, ով արդեն աշխատել է Մելիքյանի ղեկավարությամբ երևանյան ակումբում։
Ուգոչուկվու Իվուն վիրահատվել է փետրվարին «Ռուբինի» ձմեռային հավաքների ընթացքում։ Սակայն վիրահատության մանրամասներն ու բնույթը չեն հրապարակվում։
Թե ով կկազմի կենտրոնական կիսապաշտպանության զույգը Էդուարդ Սպերցյանի հետ՝ Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի հիմնական հարցերից մեկն է։
Ավելի վաղ անհրաժեշտության դեպքում Իվուի փոխարեն խաղացել են Արտակ Դաշյանը և Սոլոմոն Ուդոն։ Սակայն Դաշյանը առողջական խնդիրների պատճառով այլևս չի կարող հանդես գալ հավաքականում, իսկ Ուդոն արդեն երկար ժամանակ չի հրավիրվում ազգային թիմ։
Տարբերակների թվում դիտարկվում էր նաև «Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Կարեն Մուրադյանը, սակայն տարիքի պատճառով նա նույնպես երկարաժամկետ լուծում չի համարվում։
Սպասվում է, որ առաջիկա ընկերական հանդիպումներում մարզչական շտաբը շեշտը կդնի երիտասարդ ֆուտբոլիստների վրա։ Հնարավոր թեկնածուների թվում են «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը, «Ալաշկերտի» խաղացող Էդգար Փիլոյանը, ինչպես նաև «Ուրարտու»-ի կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը, ով արդեն հասցրել է դեբյուտ անել ազգային հավաքականում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0