«Վանը» երկրորդ թիմ ունի․ «Վան-2»-ը կմեկնարկի Առաջին լիգայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբը հայտարարել է երկրորդ թիմի՝ «Վան-2»-ի ստեղծման մասին, որը ակումբի պատմության մեջ առաջին անգամ մասնակցելու է մրցաշարերի։ 2025/26 մրցաշրջանում «Վան-2»-ը հանդես կգա Հայաստանի Առաջին լիգայի առաջնությունում։
Թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Հայկ Նարիմանյանը, ով նախկինում ղեկավարել է ակումբի երիտասարդական ակադեմիան։ Մրցաշարի մեկնարկից առաջ թիմն արդեն սկսել է նախապատրաստվել։
Իր պաշտոնական հայտարարության մեջ «Վանը» ընդգծել է, որ երկրորդ թիմի մասնակցությունը Առաջին լիգային կարևոր և ոգեշնչող քայլ է, որը նոր հնարավորություններ է բացում ակադեմիայի երիտասարդ սաների համար՝ դրսևորվելու մեծահասակների մակարդակում։
«Վան-2»-ի ստեղծումը լրացնում է վերակառուցված Առաջին լիգայի պատկերը, որի կազմը հաստատվել է մայիսի 30-ին՝ ՀՖՖ ակումբների լիցենզավորման կոմիտեի նիստի ժամանակ։ Փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լիցենզիա են ստացել ութ ակումբներ՝ «Անդրանիկ», «Բենտոնիտ», «Լեռնային Արցախ», «Հայկ», «Միկա», «Նիկարմ», «Օլիմպիա» և «Սարդարապատ»։ Վերջին երեքը նորեկներ են առաջնությունում։
«Արարատ-Արաքսի» հայտը մերժվել է սպորտային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով՝ մասնավորապես՝ պատանի թիմերի պահանջվող քանակի բացակայության։ Ակումբը իրավունք ունի բողոքարկելու որոշումը։
«Դովեղ» և «Լոռի-Վանաձոր» ակումբները չեն ներկայացրել իրենց փաստաթղթերը, ինչի հետևանքով դրանց հայտերը չեն քննարկվել։
Բացի վերը նշված թիմերից՝ Առաջին լիգայում կմասնակցեն նաև Պրեմիեր լիգայի ակումբների երկրորդ թիմերը, ներառյալ՝ նորաստեղծ «Վան-2»-ը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0