Ծանրամարտիկ Մնացական Աբրահամյանը ՉԵ-2025-ում արդյունք չարձանագրեց, իսկ չեմպիոն դարձավ Ռաֆայել Ֆրիդրիխը
Photo: Armenian Weightlifting Federation AWF.am
Ապրիլի 18-ին Կիշինևում կայացավ ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնության տղամարդկանց մինչև 89 կգ քաշային կարգի մրցումը։ Օլիմպիական չեմպիոն Կառլոս Նասարի բացակայության պայմաններում (նա այժմ հանդես է գալիս 96 կգ-ում), մրցման ֆավորիտը համարվում էր մոլդովացի Մարին Ռոբուն։ Տանտեր կողմը մեծ հույսեր էր կապում նրա հետ, սակայն անակնկալ հաղթանակ տարավ Գերմանիան ներկայացնող Ռաֆայել Ֆրիդրիխը։
24-ամյա Ֆրիդրիխը ցուցադրեց իր կարիերայի լավագույն արդյունքը՝ դառնալով Եվրոպայի առաջնությունների իր առաջին մեդալակիրն ու միանգամից՝ չեմպիոն։ Նա նախորդ լավագույն արդյունքը բարելավեց 12 կգ-ով։ Մրցման ֆավորիտը՝ օլիմպիական խաղերի մասնակից Մարին Ռոբուն, ընդամենը 1 կգ-ով զիջեց գերմանացուն և բավարարվեց արծաթով՝ նվաճելով միայն փոքր ոսկի պոկում վարժությունում։
Հայաստանի հավաքականի կազմում այս քաշային կարգում հանդես եկավ 21-ամյա Մնացական Աբրահամյանը, որի համար սա մեծահասակների առաջին մրցումն էր։ Նա փոխարինել էր փորձառու Անդրանիկ Կարապետյանին։ Ցավոք, Աբրահամյանը չկարողացավ հաղթահարել լարվածությունը և վեց փորձերն էլ անհաջող ավարտեց՝ չարձանագրելով արդյունք, չնայած իր մեդալային հավակնություններին։
Մինչև 89 կգ քաշային կարգի արդյունքները (տղամարդիկ)
-
Ռաֆայել Ֆրիդրիխ (Գերմանիա) — 376 կգ (171 + 205)
-
Մարին Ռոբու (Մոլդովա) — 375 կգ (173 + 202)
-
Լորենցո Տարկինի (Իտալիա) — 353 կգ (157 + 196)

Այսօր՝ մինչև 76 կգ քաշային կարգում, Հայաստանի կանանց հավաքականից մրցահարթակ դուրս կգան Աննա Ամրոյանն ու Միլենա Խաչատրյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0