Աբով Ավետիսյանի «Տատրան Պրեշով»-ը բարձրացավ Սլովակիայի Բարձրագույն լիգա
Աբով Ավետիսյանի ներկայացրած «Տատրան Պրեշով» ակումբը ժամանակից շուտ նվաճեց Սլովակիայի Բարձրագույն լիգայի ուղեգիր՝ հաղթելով Առաջին խմբի մրցաշարում։ Երկու տուր առաջ թիմը վաստակել է 60 միավոր՝ դարձնելով իրեն անհասանելի մրցակիցների համար։
Ընթացիկ մրցաշրջանում Ավետիսյանը մասնակցել է 16 խաղի առաջնությունում և 4 հանդիպման՝ Սլովակիայի Գավաթում։ Նա աստիճանաբար դառնում է «Տատրան»-ի առանցքային խաղացողներից մեկը՝ ամրացնելով թիմի կենտրոնական գոտին։ Նախկինում նա հիմնականում հանդես էր գալիս աջ պաշտպանով, սակայն վերջին տարիներին հաճախ խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում։
Աբով Ավետիսյանը Հայաստանի ազգային հավաքականի և ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ»-ի հարձակվող Արթուր Միրանյանի զարմիկն է։ Նա ծնվել է Դոնեցկում և կարիերան սկսել «Շախտյոր»-ի ակադեմիայում, որտեղ, ի դեպ, ծանոթացել է Հենրիխ Մխիթարյանի հետ։ 15 տարեկանում տեղափոխվել է Հունգարիա՝ միանալով «Կիշվարդա»-ին, որի կազմում անցկացրել է ընդամենը 3 խաղ Բարձրագույն լիգայում, ապա տեղափոխվել է Սլովակիա։

Եթե Ավետիսյանը մնա թիմում հաջորդ մրցաշրջանում, ապա Սլովակիայի Բարձրագույն լիգայում հնարավոր է տեղի ունենա հայկական դիմակայություն՝ նրա և Տիգրան Բարսեղյանի միջև։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0