Սուպեր ուժեղացում «Նոայի» համար — Վալենտին Կոստակեն տեղափոխվում է հայկական ակումբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Նոան» համաձայնության է հասել 27-ամյա ռումինացի վինգեր Վալենտին Կոստակեի տեղափոխության շուրջ՝ ռումինական UTA Arad-ից։ Ֆուտբոլիստն արդեն անցկացրել է իր վերջին հանդիպումը Ռումինիայի առաջնությունում և մոտ օրերս կմիանա իր նոր թիմին Երևանում։
Հրաժեշտի խաղում Կոստակեն աչքի ընկավ 90-րդ րոպեին իրացրած 11-մետրանոցով՝ օգնելով UTA-ին հաղթել «Բոտոշանիին» և գեղեցիկ ավարտ դնել Արադում իր կարիերայի փուլին։ Մրցաշրջանի ընթացքում նա խփել է 11 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում՝ դառնալով թիմի առաջատարներից մեկը։ Նախորդ մրցաշրջանում ևս ցուցադրել էր բարձր արդյունավետություն՝ 9 գոլ և 3 գոլային փոխանցում 29 խաղում։
Հանդիպումից հետո ռումինացի ֆուտբոլիստը հաստատեց ակումբների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը և չթաքցրեց իր հույզերը․
«Այո, սա իմ վերջին խաղն էր։ Ակումբները համաձայնության են հասել։ Վաղը առավոտյան ժամը 6:00-ին թռիչք ունեմ Բուդապեշտից։ Շատ մեծ հուզական ծանրաբեռնվածություն կա…
«Նոայում» չէին ցանկանում, որ շարունակեմ խաղալ UTA-ի կազմում, բայց ես ինքս որոշեցի դուրս գալ խաղադաշտ։ Խոսեցի գլխավոր մարզչի հետ և ցանկացա իմ գործն ավարտին հասցնել։
Աղոթում էի Աստծուն, որ ամեն ինչ ավարտվի հենց այնպես, ինչպես այսօր։ Տվեցի ամեն ինչ մինչև վերջ՝ այս երկրպագուների համար։ Ես երջանիկ եմ և հաջողություն եմ մաղթում թիմին։
Անկեղծ ասած՝ անգամ մի պահ չմտածեցի, որ կարող եմ վրիպել 11-մետրանոցից։ Մտածում էի միայն այն մասին, որ ամեն ինչ լավ ավարտվի, և մենք միասին ուրախանանք։
Արադում անցկացրած ժամանակահատվածը յուրահատուկ էր՝ վերելքներով ու վայրէջքներով։ Շնորհակալ եմ երկրպագուներին, մարզիչներին և թիմակիցներին։ Առանց նրանց չէի ունենա այս առաջարկը և այս հաջողությունները։ Ես նրանց հետ եմ սրտով և մտքերով» (golazo.ro)

Transfermarkt-ի տվյալներով՝ Կոստակեի շուկայական արժեքը կազմում է մոտ 1 միլիոն եվրո։ UTA-ին նա միացել էր 2024 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով, Կիպրոսի «Ապոլոնից»։
Վալենտին Կոստակեն լուրջ ուժեղացում կլինի Երևանի «Նոայի» համար մրցաշրջանի մնացած հատվածում և կօգնի թիմին Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչում «ԱԶ Ալկմարի» դեմ դիմակայությունում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
1