Տոմսերի վաճառքը մեկնարկել է Հայաստան - Վրաստան հանդիպման համար
Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կանցկացվի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի անցումային հանդիպումը Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների միջև։
Այսօրվանից սկսած, հանդիպման տոմսերը կարելի է ձեռք բերել պաշտոնական կայքից՝ tickets.ffa.am։
Նշենք, որ այսուհետ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի վաճառքն իրականացվելու է բացառապես առցանց։ Սա նշանակում է, որ տոմսարկղերում ֆիզիկական տոմսեր չեն վաճառվի։
Յուրաքանչյուր երկրպագու կարող է ձեռք բերել առավելագույնը 4 տոմս մեկ խաղի համար։ Գնված տոմսերը կցուցադրվեն օգտատիրոջ անձնական էջում կայքում։ Սակայն կարևոր է իմանալ, որ տոմսերի QR-կոդերը կակտիվանան միայն խաղի օրը՝ մարտի 20-ին, ժամը 09:00-ից սկսած։
Տոմս գնելու համար անհրաժեշտ է անցնել անձնագրային նույնականացման գործընթացը կայքում։ Անձը հաստատելու համար տվյալները մուտքագրելուց հետո նույնականացումը կատարվում է ամեն օր՝ 10:00-ից 20:00-ն, և տևում է մոտ 30 րոպե։
Չնայած երկրպագուների ակումբների վերջին հայտարարություններին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նրանցից պաշտոնական դիմումներ չի ստացել տոմսերի հետ կապված հարցերի վերաբերյալ։ Ակումբներին հատկացված տեղերի և տոմսերի քանակը մնացել է նույնը, ինչ նախորդ հանդիպումներին։ Ֆեդերացիան կոչ է անում խուսափել մանիպուլյացիաներից նախքան կարևոր հանդիպումները։
Անվտանգության ապահովման և ամբոխի մեծ կուտակումներից խուսափելու նպատակով հանդիսատեսին խորհուրդ է տրվում ժամանել մարզադաշտ հանդիպումից առնվազն երկու ժամ առաջ։
Տոմսերի արժեքը տատանվում է 1000-ից 12 000 դրամի սահմաններում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0