SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սխիպ․ «Կարևոր է, որ Հայաստանի հավաքականի խաղացողները լինեն մի բռունցք»


Սխիպ․ «Կարևոր է, որ Հայաստանի հավաքականի խաղացողները լինեն մի բռունցք» Photo: Fastnews.am
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛թ Սխիպը իր նոր պաշտոնում առաջին հարցազրույցը տվել է Հանրային հեռուստաընկերությանը։ Ազգերի լիգայում Վրաստանի հավաքականի դեմ երկու պարտություններից (ընդհանուր հաշվով 1-9) հետո հոլանդացի մասնագետը գտավ ուժեր շփվելու FastSports հեռուստաալիքի լրագրողների հետ։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հարցազրույցից՝ FastSports հեռուստաալիքի համար

Ռանոսի իրավիճակի մասին – «Նա կարող է զանգահարել ինձ, և մենք կքննարկենք նրա հնարավոր վերադարձը»։

«21 տարեկան ֆուտբոլիստը, որը վերջին չորս ամսում 30 րոպե է անցկացրել երկրորդ Բունդեսլիգայում, մարզչին ասում է` եթե չի լինելու մեկնարկային կազմում, կհեռանա ազգային հավաքականից: Ես նման բան իմ մարզչական կարիերայի ընթացքում մինչև այս չէի տեսել:

Պետք է ուրախ լինի, որ հրավիրվել է ազգային հավաքական: Ես նրան ասել էի, որ պատասխան մրցավեճում խաղալու հնարավորություն կստանա, բայց ոչ մեկնարկից:

Միջադեպից հետո Ռանոսի գրառումն ու ինձ նրա ասածը տարբերվում են: Եվս մեկ անգամ կրկնում եմ` ինձ ասել է` եթե չեմ խաղալու մեկնարկից, հեռանում եմ:

Չունեմ տեղեկություն, թե արդյոք մինչև ինձ մոտ գալը խոսել է հավաքականի ավագի կամ այլ ֆուտբոլիստի հետ: Ազգային հավաքականի ավագն ինձ չի դիմել նման հարցով:

Նա 21 տարեկան է, նախկինում լավ հանդիպումներ է անցկացրել ազգային հավաքականում: Անտեսելով այն փաստը, որ վերջին չորս ամսում 30 րոպե է անցկացրել խաղադաշտում, մենք նրան հրավիրեցինք հավաքական, բայց չգնահատեց լավ վերաբերմունքը և հեռացավ:

Դեպքից հետո հավաքել եմ ֆուտբոլիստներին և պատմել, թե ինչ է եղել: Ասել եմ տղաներին` Ի՞նչ է նշանակում` հրաժարվում եմ խաղալ ազգային հավաքականի համար: Երբեմն կարող ես լինել պահեստայինների նստարանին, նույնիսկ` տրիբունայում:

Երիտասարդ է, կարող է սխալ թույլ տալ: Ես բաց եմ քննարկումների համար, կարող է զանգել ինձ և մենք քննարկենք նրա հնարավոր վերադարձը»,- ասել է նիդերլանդցի մասնագետը:

Հայաստանի հավաքական հրավիրվելու և ապագա նպատակների մասին։

«Փետրվարի վերջին զանգ ստացա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Կառուցողական զրույց ունենցանք: Բարդ ժամանակներ էին իմ կյանքում, որոշել էի ժամանակավորապես հանգստանալ ֆուտբոլից, բայց այս առաջարկը լավ հնարավորություն էր վերադառնալու համար:

Իմ գլխավոր նպատակը նոր ավյուն, նոր մոտիվացիա բերելն է Հայաստանի ազգային հավաքական, որն այժմ խնդիրներ ունի:

Մեզ համար առաջնայինն աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլն է: Պետք է մրցունակ լինենք մեր ընտրական խմբում: Պորտուգալիան գլխավոր ֆավորիտն է խմբում: Եթե մրցունակ լինենք, հնարավորություն կունենանք ուղեգիր նվաճելու:

Հավաքականը խնդիրներ ունի, իմ մարզչական շտաբի նպատակը ֆուտբոլիստների խաղամակարդակը բարձրացնելն է, որպեսզի հնարավորություն ունենանք պայքարելու աշխարհի առաջնության ուղեգրի համար»,- ասել է նիդերլանդցի մասնագետը:

Վրաստանի դեմ խաղերի (0-3, 1-6) մասին։

«Երևանում կայացած հանդիպման առաջին 30 րոպեների ընթացքում վրացիները մեկ հարված էին կատարել մեր դարպասին, սակայն հետագայում մեր ֆուտբոլիստների անհատական սխալների պատճառով մրցակիցը պահեր ունեցավ և գոլեր խփեց: Պատասխան խաղում էլ մրցակիցի ֆուտբոլիստների բարձր ճնշման ներքո եղան սխալներ, որոնց հետևանքը բաց թողած գոլերն են::

Մի քանի ֆուտբոլիստներ սխալվեցին այնպիսի իրավիճակներում, որոնցում նախկինում երբեք չէին սխալվել: Այս ամենն ազդեց մեր ինքնավստահության վրա:

Եթե անգամ հավաքականի կազմում լինեին Էդուարդ Սպերցյանն ու Լուկաս Սելարայանը, չենք կարող ասել, որ արդյունքներն ավելի լավը կլինեին: Վրաստանի հավաքականը մեզնից մեկ քայլ առաջ է: Նրանց կազմում խաղում են Եվրոպայի թոփ ազգային առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներ:

Մենք պետք է աճենք: Լսել եք, որ հավաքականում վատ մթնոլորտ է: Խոսել եմ բոլոր` 25 ֆուտբոլիստների հետ: Նրանց ասել եմ` կարևոր է դուք ինչպիսին եք խաղադաշտում և դրանից դուրս:

Թիմ դառնալը գործընթաց է նաև խաղադաշտից դուրս, կարևոր են շփումներն ու ուսումնամարզական հավաքները: Հայաստանի հավաքականում ամեն ինչ մի փոքր այլ է, խաղադաշտից դուրս կան ֆուտբոլիստների առանձին խմբեր: Մեր նպատակը նրանց մեկ ամբողջական մարմին դարձնելն է: Կարևոր է, որ հավաքականի ֆուտբոլիստները մեկ բռունցք լինեն»,- ասել է նիդերլանդցի մասնագետը:


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։