Շառա Բուլլետը չի ժամանել Հայաստան․ մամուլի ասուլիսը հարցականի տակ է, հնարավոր է՝ Ծառուկյանի մրցակցի փոփոխություն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Շառա Բուլլետը չի կարողացել ժամանել Հայաստան և այսօր չի հասել Երևան։ Այդ պատճառով Hype Fighting մրցաշարի մամուլի ասուլիսը գտնվում է լուրջ հարցականի տակ։
Ստեղծված իրավիճակին անդրադարձել է Արման Ծառուկյանը, ով իր սոցիալական ցանցերի ուղիղ եթերում կտրուկ արտահայտվել է մրցակցի հասցեին.
«Ինչ-որ տարօրինակ ծովահեն է։ Չի ուզում գրավել Հայաստանը։ Թվում է՝ վախեցել է։ Թվում է՝ նրա բոլոր խոսքերը պարզապես դատարկ խոսքեր էին։ Կտեսնենք՝ վաղը մամուլի ասուլիս կլինի։ Կգա՞ այդ ծովահենը, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա պետք է փոխել նրա մականունը։ Դուք հասկացաք՝ որ…»
Ի պատասխան՝ Շառա Բուլլետի մարզիչ Գոր Ազիզյանը հայտարարել է, որ մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը.
«Հիմա դիտեցի քո տեսանյութը, որտեղ դու լուրջ քննարկում ես այն, ինչի մասին չգիտես։ Նախ՝ Շառան չի ուշացել — Շառան այնտեղ էր։ Երկրորդ՝ չվերթը չեղարկվել է, և մեզ նույնիսկ ոչինչ չեն ասել։ Մենք եկել ենք, իսկ այնտեղ ոչ ոք չի եղել։ Ավելին՝ մենք մեր հաշվին տոմսեր ենք գնել և հույս ունենք, որ հիմա կթռչենք Երևան։ Ինչու՞ նման հայտարարություններ անել։ Խնդրում եմ, դադարեցրու այդ խոսակցությունները»։
Այսօրվա դրությամբ Շառա Բուլլետը դեռ չի ժամանել Երևան և, համապատասխանաբար, չի կարող ներկա գտնվել մամուլի ասուլիսին։ Եթե նա մինչև դեկտեմբերի 30-ը չժամանի Հայաստան, նրան կարող է փոխարինել Կուատ Համիտովը։ Այդ մասին հայտնել է ինքը՝ ղազախստանցի մարզիկը, իր սոցիալական ցանցերում։
Համիտովն արդեն գտնվում է Երևանում և գրանցված է Hype Fighting մրցաշարին որպես մեկնաբան։
Մրցաշարը կկայանա դեկտեմբերի 30-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Երեկոյի գլխավոր իրադարձությունում UFC-ի մարզիկներ Արման Ծառուկյանը և Շառա Բուլլետը պետք է անցկացնեն գրեփլինգի մենամարտ՝ submission only կանոններով։ Քարտի մյուս բոլոր մենամարտերը նախատեսված են մերկ բռունցքներով։
Մամուլի ասուլիսը կկայանա դեկտեմբերի 28-ին, ժամը 21:00-ին, իսկ ուղիղ հեռարձակումը կլինի KICK հարթակում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0