Շամիլ Տարպիշչև․ «Կարծում եմ, որ թենիսը նոր կյանք կստանա Հայաստանում»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանի հրավերով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը։ Նա ներկա է գտնվել Ծաղկաձորում անցկացվող ITF-ի կանանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարին և իր տպավորությունները կիսել է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ։
«Նախորդ անգամ Հայաստանում եղել եմ անցյալ տարվա հոկտեմբերին։ Տարվա ընթացքում 2-3 անգամ այցելում եմ այստեղ և արդեն ինձ ինչպես տանը եմ զգում։ Արդեն երկրորդ տարին է՝ մասնակցում ենք տղամարդկանց և կանանց մրցաշարերին։ Երիտասարդների համար սա լավ փորձ է. հենց նման մրցաշարերում են նրանք վաստակում առաջին վարկանիշային միավորները», – նշել է Տարպիշչևը։
Նրա խոսքով՝ Ծաղկաձորը ունի բարձրակարգ մարզաբազա և կորտեր, ինչը կարևոր է մարզիկների վերականգնման համար։ Նա հիշեցրել է, որ դեռ խորհրդային տարիներին հավաքներ է անցկացրել Հայաստանում, սակայն այդ ժամանակ կորտեր չեն եղել և հիմնական շեշտը դրվել է ֆիզիկական պատրաստվածության վրա։
«Վերջին տարիներին երկու անգամ հանդիպել եմ Հայաստանի նախագահի և վարչապետի հետ, երբ ներկա էին նաև 13 օլիմպիական չեմպիոններ։ Ծաղկաձոր եմ բերել տարբեր մարզաձևերի օլիմպիական չեմպիոնների։ Դա ապացուցում է, որ հնարավոր է վերածնել Ծաղկաձորը որպես հզոր մարզական կենտրոն՝ ինչպես ԽՍՀՄ-ում», – ասել է նա։
Անդրադառնալով Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Վարդան Զաքարյանին՝ Տարպիշչևն ընդգծել է․
«Վարդան Զաքարյանին ու իր ընտանիքին ճանաչում եմ երկար տարիներ։ Նրա հայրն ավելի քան 10 տարի եղել է սպորտի նախարար։ Կարծում եմ՝ շատ լավ է, որ նա դարձել է թենիսի ֆեդերացիայի նախագահ։ Հայաստանում թենիսը մեծ ավանդույթներ ունի, և ես վստահ եմ, որ Վարդանը կկարողանա այդ ավանդույթները վերականգնել և նոր կյանք տալ հայկական թենիսին»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի ֆեդերացիաներն արդեն մշակել են համագործակցության «ճանապարհային քարտեզ», և նա պատրաստ է աջակցել Վարդան Զաքարյանին։

Միևնույն ժամանակ Տարպիշչևը շեշտել է խնդիրները՝ կապված կորտերի բացակայության հետ։
«Դժվար է պատմություն կերտել միայն Ծաղկաձորում։ Ցավոք, կորտերն դարձել են մասնավոր սեփականություն։ Տարբեր քաղաքներում պետք է լինեն կորտեր, որպեսզի հնարավոր լինի ստեղծել ակադեմիաներ ու ակումբներ»։
«Աշխարհում թենիսը համարվում է էլիտար և դիվանագիտական սպորտաձև։ Այն տարածված է ավելի քան 200 երկրում։ Շատ երկրներում այն նաև ընտանեկան հանգստի ձև է։ ԽՍՀՄ-ի հարավային շրջաններում մարդիկ հանգստանում էին, երեխաներին թողնում մարզաբազայում, իրենք խաղում թենիս։ Այդ մոդելը այսօր ևս կիրառվում է ամբողջ աշխարհում», – ամփոփել է Տարպիշչևը՝ մաղթելով հաջողություն հայկական թենիսին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0