Հայաստանի հավաքականը Բուլղարիայի դեմ կխաղա առանց առաջատարների, սակայն հույս կա Մելիքյանի վրա
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր Հայաստանի հավաքականը խմբային փուլի կարևորագույն հանդիպում կանցկացնի Բուլղարիայի ընտրանու դեմ։ Այս հանդիպումը վճռորոշ նշանակություն ունի հայկական թիմի համար, որը երկու տուրերից հետո դեռևս հաղթանակ չի տարել։
Առաջիկա խաղում թիմին չեն օգնի մի քանի առաջատարներ՝ Անդրե Սփայթ-Մկրտչյանը, Քրիս Ջոնսը և Գաբրիել Աջեմյանը բաց կթողնեն հանդիպումը։ Առանցքային խաղացողների բացակայությունը էապես կազդի թիմի ռոտացիայի և տակտիկական կառուցվածքի վրա։ Սփայթ-Մկրտչյանը վնասվածք ունի, Քրիս Ջոնսին նրա ակումբը՝ «Մաքաբի Թել Ավիվը», չի ազատել եվրագավաթային հանդիպումների պատճառով, իսկ Գաբրիել Աջեմյանը Հայաստանում տնային խաղերին չի մասնակցում փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով։
Քրիս Ջոնսի փոխարեն հավաքական է հրավիրվել ամերիկացի պաշտպան Դարիուս ՄաքԳին, որը հանդես է գալիս Ֆրանսիայի բարձրագույն լիգայի «Bourges» ակումբում։ Նրա համար սա կլինի առաջին խաղը ազգային հավաքականի կազմում։ Ակնկալվում է, որ ՄաքԳին կստանձնի մեծ պատասխանատվություն՝ փաստացի փոխարինելով միանգամից երկու գծային խաղացողների՝ Սփայթ-Մկրտչյանին և Ջոնսին։
Հարձակման մեջ ավելի մեծ հնարավորություն կունենա իրեն դրսևորելու Յուրա Մելիքյանը, որը գտնվում է գերազանց մարզավիճակում։ Վերջերս հայ կենտրոնականը տեղափոխվել է շվեյցարական «Starwings Basel» ակումբ և արդեն անցկացրել է երեք հանդիպում բարձրագույն լիգայում։ Այդ խաղերում նա միջինը վաստակել է 18.3 միավոր և կատարել 6.3 անդրադարձ, իսկ նրա թիմը տարել է երկու հաղթանակ։
Հիշեցնենք, որ առաջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը պարտվել է Բուլղարիային և Նորվեգիային։ Առջևում ևս երկու հանդիպում կա, և հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները պահպանելու համար հայկական թիմը պետք է հաղթի երկուսում էլ։
Հանդիպումը՝ Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլի շրջանակում, կկայանա այսօր՝ մարտի 2-ին, և կմեկնարկի ժամը 20:15-ին՝ Երևանի ժամանակով։
Խաղը հնարավոր կլինի դիտել ուղիղ հեռարձակմամբ YouTube-ում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0