Հայաստանի հավաքականը մարտին ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հետ
Photo by Gualter Fatia/Getty Images
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտին ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ազգային թիմի դեմ։ Խաղը տեղի կունենա միջազգային դադարի շրջանակում՝ 2026 թվականի մարտի 29-ին և կանցկացվի Հայաստանում։ Այս մասին հայտնում է Sport5.by աղբյուրը։
Պարբերականի տեղեկություններով՝ Հայաստանի հետ հանդիպումը Բելառուսի հավաքականի համար կլինի երկրորդ ընկերական խաղը մարտյան պատուհանի ընթացքում։ Ավելի վաղ՝ մարտի 26-ին, բելառուսական թիմը արտագնա հանդիպում կանցկացնի Կիպրոսի հավաքականի հետ։ Կիպրոսում խաղը կմեկնարկի Բելառուսի ժամանակով ժամը 20:00-ին, իսկ Հայաստանում կայանալիք հանդիպման մեկնարկի ժամը դեռ չի որոշվել։ Երկու ընկերական խաղերի անցկացման քաղաքները կհայտարարվեն ավելի ուշ։
Նշենք, որ Կիպրոսի դեմ հանդիպումը կլինի Բելառուսի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոյի դեբյուտը ազգային թիմի ղեկին։
Հայաստանի և Բելառուսի հավաքականները 2026 թվականին մինչև սեպտեմբեր պաշտոնական հանդիպումներ չեն անցկացնի. այդ ժամանակ կմեկնարկի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանը։ Բացի այդ, տեսականորեն թիմերը կարող են հայտնվել նույն խմբում։
Թիմերի միջև անցկացվել է յոթ հանդիպում․ Հայաստանի հավաքականը հաղթել է երկու անգամ, Բելառուսը՝ երեք, ևս երկու խաղ ավարտվել է ոչ-ոքի։ Վերջին անգամ թիմերը հանդիպել են 2017 թվականի նոյեմբերի 9-ին, երբ ընկերական խաղում Հայաստանը տարել է խոշոր հաղթանակ՝ 4:1 հաշվով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0