Սանդրո Պերկովիչ. «Նորա՝ դեռ շանսեր ունի. Բուդապեշտ ենք մեկնելու՝ անակնկալով»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոա»-ն 1:2 հաշվով պարտվեց Հունգարիայի «Ֆերենցվարոշ»-ին Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում, որն անցկացվեց Աբովյանում։ Չնայած պարտությանը՝ հայաստանյան ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը գոհ մնաց իր սաների խաղից և վստահ է՝ պայքարը դեռ ավարտված չէ։
Սանդրո Պերկովիչի խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսը
— Շնորհավորում եմ «Ֆերենցվարոշ»-ին հաղթանակի համար, — ասաց Պերկովիչը։ — Նույնպես շնորհակալություն եմ հայտնում մեր երկրպագուներին աջակցության համար։ Իմ խաղացողներին նույնպես շնորհավորում եմ՝ կարծում եմ, նրանք լավ հանդիպում անցկացրին։ Կային պահեր, երբ բախտը մեզ չէր ժպտում կամ կարող էինք ավելի ճիշտ որոշումներ կայացնել, բայց ընդհանուր առմամբ գոհ եմ։
Խորվաթ մասնագետն ընդգծեց, որ իր թիմը թույլ չտվեց մրցակցին լիովին թելադրել խաղի ընթացքը․
— Սա կոնսոլային խաղ չէ, որտեղ ամեն ինչ կարող ես վերահսկել։ Մենք արժանապատիվ խաղ ցուցադրեցինք։ «Ֆերենցվարոշ»-ը չկարողացավ մեզ իր խաղը թելադրել։ Նրանց վտանգավոր պահերը մեր սխալների հետևանքն էին — սա ֆուտբոլի մի մասն է։ Մենք դեռ խաղի մեջ ենք և կփորձենք զարմացնել մրցակցին պատասխան խաղում։
Մարզիչը նշեց նաև եղանակային դժվար պայմանները․
— Ուժեղ քամի էր, դժվար էր հարմարվել, բայց մենք ջանքեր էինք գործադրում։ Մենք երջանիկ ենք մասնակցելու Չեմպիոնների լիգային և պատասխան խաղում կտանք ամեն ինչ՝ հաջորդ փուլ անցնելու համար։
Պերկովիչը մեկնաբանեց նաև «Նոա»-ի կադրային խնդիրները։ Վիրջիլ Պինսոնը, Արթուր Կոնեգլյանը, Մարտին Գամբոշը և Բիլալ Ֆոֆանոն բացակայում էին․
— Պինսոնը կարևոր խաղացող է, բայց ունի փոքր վնասվածք, նա չի խաղա նաև պատասխան խաղում։ Մյուսները նույնպես չեն հայտավորվել այս փուլում։
Մարզիչն անդրադարձավ նաև «Ֆերենցվարոշ»-ի ուժեղ կողմերից մեկին՝ ստանդարտներին․
— Մենք գիտեինք, որ նրանք վտանգավոր են ստանդարտների ժամանակ։ Ցավոք, հաճախ կանոններ էինք խախտում մեր կիսադաշտում, իսկ ուժեղ քամու պայմաններում դա հատկապես վտանգավոր է։ Այս մակարդակում նույնիսկ փոքր սխալները կարող են վճռորոշ լինել։
Նա բացատրեց նաև վերջին րոպեների փոփոխությունները և տակտիկական փոփոխությունները․
— Ամբարձումյանի մուտքով սխեման չի փոխվել՝ նա խաղում էր աջ վինգերի դիրքում, ինչպես Պերեյրան։ Միայն մրցակցի հեռացումից հետո անցանք երկու հարձակվողով խաղի։ Գրգիչն ու Ֆերեյրան հիանալի աշխատանք կատարեցին, բայց երկուսն էլ դեղին քարտ ունեին, և մենք որոշեցինք խնայել նրանց։
Հարձակման գծում հնարավոր նոր համալրումների վերաբերյալ Պերկովիչը ասաց․
— Տրանսֆերային պատուհանը բաց է ևս մեկուկես ամիս, շտապելու կարիք չկա։ Ինչ վերաբերում է Գրեգորիուին և Այյաշին՝ գոհ եմ։ Շատերը հարձակվողներին գնահատում են միայն գոլերով, բայց նրանք թիմի համար կարևոր աշխատանք են կատարում։ Համոզված եմ, դեռ կգոլահարի։ Կարևորը թիմն է, որ գոլեր խփի։
— Տեսել էի, որ մեր հնարավորությունները 20% են, իսկ «Ֆերենցվարոշ»-ինը՝ 80%։ Հարգում եմ մրցակցին, նրանք ուժեղ են, բայց ես կարծում եմ՝ շանսերը 50/50 են։ Այդ տրամադրությամբ էլ գնում ենք Բուդապեշտ։
Վերջում Պերկովիչը խոսեց Գոռա Մանվելյանի մասին, ով դուրս եկավ փոխարինման․
— Գոռան հիանալի ֆուտբոլիստ է։ Նույնիսկ երբ պահեստայինից է մտնում խաղադաշտ, միշտ օգուտ է բերում։ Ես հիանում եմ նրանով։ Նա երիտասարդ է, իր ապագան՝ առջևում։ Մենք շատ լավ ֆուտբոլիստներ ունենք, բայց ոչ բոլորը կարող են մեկնարկային կազմում լինել։
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին՝ Բուդապեշտում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0