Սանդրո Պերկովիչ. «Մենք պատրաստ ենք ամեն ինչի և ամեն ինչ կանենք՝ "Ֆերենցվարոշին" անցնելու համար»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի «Նոա» թիմի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մամուլի ասուլիս է անցկացրել Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլի պատասխան խաղից առաջ Հունգարիայի «Ֆերենցվարոշի» դեմ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին Բուդապեշտում։
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը կայացավ Աբովյանում և ավարտվեց «Ֆերենցվարոշի» 2:1 հաշվով հաղթանակով։
Սանդրո Պերկովիչի մամուլի ասուլիսը «Ֆերենցվարոշի» հետ պատասխան խաղից առաջ
«Մենք վերլուծել ենք առաջին խաղը, հասկացանք՝ որ պահերում ենք ուժեղ եղել և որտեղ պետք է ավելի լավ խաղանք։ Ինչ վերաբերում է taktikayi խաղին՝ չեմ կարող ասել, որպեսզի մրցակցի խնդիրը չպարզեցնեմ։ Մենք շատ երջանիկ ենք այստեղ լինելու համար։ Հաճելի է խաղալ այս մակարդակում։ Կանենք ամեն ինչ, որպեսզի մրցունակ լինենք դաշտում և հասնենք լավ արդյունքի։ Հույս ունեմ՝ վաղը կկարողանանք ցույց տալ այն ամենը, ինչի համար պատրաստվել ենք»։
«Առաջին խաղում որոշ պահերին կարող էինք ավելի ճիշտ որոշումներ կայացնել, բայց նշեմ, որ «Ֆերենցվարոշը» շատ ուժեղ թիմ է, և նրանց դեմ խաղալը հեշտ չէ։ Մենք պատրաստվել ենք ավելի լավ գործել հատկապես հարձակման վերջին փուլում և հույս ունենք, որ վաղը կցուցադրենք այն ամենը, ինչ նախատեսել ենք»։
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար ավելի հեշտ է խաղալ լեցուն տրիբունաների առջև, նույնիսկ եթե բոլոր երկրպագուները քո դեմ են։ Դա շատ ավելի լավ է, քան դատարկ տրիբունաների առջև խաղալը։ Վստահ եմ, որ դա դրական ազդեցություն կունենա մեր ֆուտբոլիստների վրա։ Դա խաղացողներին ավելի մեծ ագրեսիա և մղում է տալիս։ Մենք շատ ուրախ ենք այսպիսի մթնոլորտում խաղալու համար»։
«Առաջին խաղում մեզ հաջողվում էր դուրս գալ մրցակցի պրեսինգից՝ դա մեր ուժեղ կողմն է։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի, ունենք պլան Ա և պլան Բ, հուսով եմ՝ ամեն ինչ մեզ մոտ կստացվի»։
«Ոչ մի մամուլ կամ քննադատություն չի կարող ճնշում գործադրել ինձ վրա։ Ես աշխատել եմ «Դինամո Զագրեբում», որտեղ մշտապես ինչ-որ բաներ են գրում մամուլում։ Ես սովոր եմ դրան։ Ընդհանրապես ես ավելի շատ ինքս եմ ճնշում գործադրում ինձ վրա և ֆուտբոլիստների, որպեսզի նրանք ավելի լավ խաղան»։
««Ֆերենցվարոշի» հետ խաղից հետո մենք ընկերական հանդիպում անցկացրինք «Գանձասարի» հետ, քանի որ մեր առաջնությունը դեռ չէր սկսվել, իսկ թիմում շատ խաղացողներ կան, ովքեր Չեմպիոնների լիգայում խաղաժամանակ չեն ստացել։ Բայց ինձ անհրաժեշտ է թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ, դրա համար էլ կազմակերպեցինք ընկերական հանդիպում, որպեսզի բոլորը խաղային փորձ ձեռք բերեն։ Մի քանի օրից կմեկնարկի Հայաստանի առաջնությունը, և յուրաքանչյուր խաղացող պետք է պատրաստ լինի դուրս գալու դաշտ»։
«Առաջին խաղում «Ֆերենցվարոշը» մեզ չզարմացրեց՝ անակնկալներ չկային։ Այն, ինչ տեսել էինք նրանց ընկերական հանդիպումներում, նույնն էլ տեսանք դաշտում։ Ես շատ հարգում եմ մրցակցին՝ դա հիանալի թիմ է՝ գերազանց մարզիչով, բայց կանեմ ամեն ինչ նրանց հաղթելու համար։ Ինչ վերաբերում է մեր ուժին՝ դա թիմային ոգին է։ «Նոան» անցած սեզոնն անցկացրեց հիանալի, և հաղթական տրամադրվածությունը մենք արդեն ունենք։ Դա շատ կարևոր է»։
Հարց՝ հայկական և խորվաթական առաջնությունների համեմատության և այն մասին, թե ինչ տեղ կարող էր զբաղեցնել «Նոան» Խորվաթիայում
«Շատ բարդ է համեմատել երկու տարբեր առաջնություններ։ Խորվաթիայում չորս մեծ ակումբներ կան և ուժեղ խաղացողներ՝ գերազանց հավաքականով, որը ցուցադրում է հրաշալի արդյունքներ։ Խորվաթիայի հավաքական են անցնում այդ ակումբների սաները։ Ինչ վերաբերում է «Նոային», ապա ես սեզոնը կհամարեմ հաջողված, եթե կրկնենք անցած տարվա հաջողությունը՝ հաղթենք առաջնությունը և գավաթը, ինչպես նաև խաղանք եվրագավաթներից մեկի հիմնական փուլում։ Հնարավոր է՝ ձմռանը ընկերական հանդիպումներ կազմակերպենք խորվաթական ակումբների հետ, և այդ ժամանակ կկարողանամ ավելի ճշգրիտ համեմատել մակարդակը»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0