Սանդրո Պերկովիչ․ «Մենք արժանի ենք խաղալ Եվրոպայում և կպայքարենք հաղթանակի համար»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մամուլի ասուլիսում կիսվեց սպասումներով՝ Սլովենիայի «Օլիմպիա» (Լյուբլյանա) թիմի հետ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումից առաջ։ Մասնագետը նշեց մրցակցի հավակնությունները, իր ֆուտբոլիստների հատուկ մոտիվացիան և շեշտեց, որ թիմը պատրաստ է պայքարել միայն հաղթանակի համար։
«Օլիմպիա» (Լյուբլյանա, Սլովենիա) – «Նոա» (Հայաստան) հանդիպումը կկայանա օգոստոսի 21-ին Լյուբլյանայում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 22:00-ին։
Սանդրո Պերկովիչի մամուլի ասուլիսը խաղից առաջ
«Մենք խաղալու ենք Սլովենիայի չեմպիոնի դեմ։ Մի քանի անհաջող խաղերից հետո նրանք փոխեցին գլխավոր մարզչին, ինչը նույնպես խոսում է ակումբի բարձր հավակնությունների մասին։ «Օլիմպիան» լավ թիմ ունի, բայց մենք էլ ունենք ուժեղ կազմ, և ոգևորությամբ սպասում ենք վաղվա խաղին։
Շատ դժվար էր պատրաստել խաղացողներին «Գանձասարի» դեմ հանդիպմանը, քանի որ «Լինքոլնի» հետ Եվրոպա լիգայի անհաջող խաղից հետո ժամանակը շատ քիչ էր։ Սակայն «Գանձասարի» նկատմամբ հաղթանակից հետո մթնոլորտը թիմում զգալիորեն լավացավ։ Հենց այդ խաղից հետո անմիջապես սկսեցինք պատրաստվել Կոնֆերենցիաների լիգայի համար։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ ավելի լավն ենք և արժանի ենք խաղալ Կոնֆերենցիաների լիգայում։ Մենք պետք է ապացուցենք, որ «Լինքոլնի» հետ հանդիպումները պարզապես անհաջողություն էին, և որ մենք արժանի ենք խաղալ Եվրոպայում։
Այո, մեր երկու ֆուտբոլիստներն էլ նախկինում խաղացել են «Օլիմպիայում» (Սուալեհե և Բոակյե), բայց ինչպես նշեց Դավիթը, այդ թիմի մարզիչը արդեն փոխվել է։ Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում։ Իհարկե, Դավիթի և Էրիկի համար սա հատուկ խաղ է։ Հուսով եմ, նրանք կունենան լրացուցիչ մոտիվացիա՝ ցույց տալու իրենց լավագույն խաղը։
Ես ուշադիր ուսումնասիրել եմ «Լինքոլնի» հետ խաղը և ոչինչ բացասական չեմ կարող ասել իմ խաղացողների մասին։ Մենք դաշտում ավելի լավն էինք, ունեցանք 6–7 լավ պահեր, բայց չկարողացանք գոլ խփել։ Ֆուտբոլը երբեմն այդքան դաժան է․ չկարողացար գոլ խփել՝ չհաղթեցիր։ Բայց, բարեբախտաբար, մեզ տրված է երկրորդ հնարավորություն՝ ապացուցելու, որ մենք արժանի ենք խաղալ Եվրոպայում։
Վաղը խաղալու են երկու ուժեղ թիմեր, և ես վստահ եմ, որ դիմակայության ելքը որոշվելու է պատասխան խաղում՝ Աբովյանում։
Վաղվա խաղի համար ես իմ խաղացողներից կխնդրեմ, ինչպես միշտ, լինել մոտիվացված ու կենտրոնացած։ Հասկանալ, թե ինչ նպատակ ենք դնում, լինել խիզախ, ստեղծագործ և խաղալ բարձր մակարդակի ֆուտբոլ։
«Նոայում» իմ առաջին օրից մինչև վերջինը նույնն է լինելու․ անկախ նրանից՝ որտեղ և ում դեմ ենք խաղում, մենք դուրս ենք գալու միայն հաղթանակի համար։
Եթե հիշենք այս մրցաշրջանի մեր նախորդ արտագնա հանդիպումները, ապա «Բուդուչնոստի» դեմ կարող էինք հեշտությամբ հաղթել 3:1, եթե երեք րոպե մնացեր և իրացնեինք պենալտին, բայց դրա փոխարեն գոլ ընդունեցինք։ «Ֆերենցվարոշի» հետ խաղում ամեն պահ կարող էր շրջվել մեր օգտին, նույնպես շատ մոտ էինք հաղթանակին, բայց չստացվեց։ Իսկ «Լինքոլնի» հետ մենք խփեցինք հաղթական գոլը տուգանայինից, բայց այն չեղարկվեց։ Երեք անհաջողություն երեք խաղում, որտեղ մենք շատ մոտ էինք հաղթանակին։ Հուսով եմ, որ վաղը վերջապես բախտը մեր կողմը կլինի», – ասաց Սանդրո Պերկովիչը։
Կարդացեք նաև․
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0