Ռուի Մոտան հեռանում է «Նոայից». պատմություն կերտած մարզիչը լքում է ակումբը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Պորտուգալացի մասնագետ Ռուի Մոտան լքում է ֆուտբոլային «Նոա» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ Պաշտոնական հայտարարությունը սպասվում է առաջիկա օրերին, սակայն արդեն այժմ հայտնի է, որ 46-ամյա մարզիչը մոտ է պայմանագիր ստորագրել բուլղարական գրանդ «Լուդոգորեցի» հետ։ Կողմերը համաձայնեցնում են գործող պայմանագրի՝ մեկ սեզոնով նախատեսված, վաղաժամ խզման փոխհատուցման պայմանները։
Ռուի Մոտան գլխավորեց «Նոան» 2024 թվականի հուլիսին և կարճ ժամանակում իսկական հեղափոխություն կատարեց հայկական ֆուտբոլում։ Նրա գլխավորությամբ ակումբը պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն և ձևակերպեց «ոսկե դուբլ», երկրորդ անգամ նվաճելով նաև Հայաստանի գավաթը։ Թիմը սահմանեց բազմաթիվ ռեկորդներ թե՛ հավաքած միավորներով, թե՛ արդյունավետությամբ՝ ցուցադրելով վառ հարձակողական ֆուտբոլ։
Մոտայի գլխավոր ձեռքբերումներից մեկն էլ դարձավ ակումբի պատմական ելույթը եվրագավաթներում։ Սկսելով Եվրոպայի կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլից՝ «Նոան» հաղթահարեց հույների ԱԵԿ-ը, Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիան», Մալթայի «Սլիեման» և Սլովակիայի «Ռուժոմբերոկը»՝ մտնելով մրցաշարի հիմնական փուլ։
Թվում էր՝ հենց Մոտան է առաջնորդելու թիմին դեպի նոր բարձունքներ Չեմպիոնների լիգայի իր նորամուտային արշավում։ Սակայն հունիսին իրավիճակն անսպասելի փոխվեց։ Աղբյուրների տեղեկություններով՝ մարզիչը առաջարկներ է ստացել մի շարք եվրոպական ակումբներից և, չսպասելով «Նոայի» կողմից բարելավված առաջարկին, որոշել է փոխել միջավայրը։ Սա անակնկալ դարձավ ակումբի ղեկավարության համար, որը Մոտային տրամադրել էր բոլոր պայմանները՝ բարձր աշխատավարձից մինչև սպորտային լիարժեք վերահսկողություն։
MS_Inside-ի տվյալներով՝ «Նոան» արդեն համաձայնություն է ձեռք բերել նոր բարձրակարգ մարզչի հետ, որի անունը կհայտարարվի մոտ ապագայում։ Ինչ վերաբերում է Մոտային, ապա նա «Լուդոգորցի» հետ կստորագրի պայմանագիր 1+1 ձևաչափով։ Այս բուլղարական ակումբը վերջերս բաժանվել է սերբ մասնագետ Իգոր Յովանովիչից՝ Բուլղարիայի 2024/25 մրցաշրջանի չեմպիոն մարզչից։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0