Ռուի Մոտան հաղթանակով մեկնարկեց «Լուդոգորեցում». Չեմպիոնների լիգայի օրվա մնացած արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, ավարտվեցին ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի մեկնարկային խաղերը։ Երկրորդ խաղային օրը կայացան չորս հանդիպումներ։ Դրանցից մեկում Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան անցկացրեց իր առաջին պաշտոնական հանդիպումը բուլղարական «Լուդոգորեցի» գլխավորությամբ։ Բուլղարիայի չեմպիոնը մեծ դժվարությամբ հաղթեց Մինսկի «Դինամոյին»՝ միակ գոլը խփելով 87-րդ րոպեին։
Պորտուգալացու դեբյուտը հեշտ չէր։ Բելառուսական թիմը կառուցել էր ամուր պաշտպանություն։ «Լուդոգորեցը» 20 հարված կատարեց մրցակցի դարպասին, և միայն Ֆիլիպ Կալոչի հարվածը դարձավ արդյունավետ։ Հետաքրքիր է, որ այս հանդիպումն իր սցենարով նման էր «Նոայի» նախորդ օրվա խաղին, երբ հայկական թիմը նույնպես նվազագույն հաշվով հաղթեց «Բուդուչնոստին»՝ ունենալով խաղային մեծ առավելություն։
Այդ օրը աչքի ընկավ նաև Հայաստանի առաջնության նախկին մեկ այլ ներկայացուցիչ։ Երևանի «Արարատի» նախկին կիսապաշտպան Կասիմ Հաջին դարձավ երկրորդ գոլի հեղինակը՝ «Ժալգիրիսի» կազմում։
Բացի այդ, տեղի ունեցավ իռլանդական դերբի, որի հաղթողը դարձավ Իռլանդիայի Հանրապետության ներկայացուցիչը։
Չեմպիոնների լիգա, հուլիսի 9-ի արդյունքներ
• «Ժալգիրիս» (Լիտվա) — «Համրուն» (Մալթա) — 2:0
Գոլեր՝ Լիվիու Անտալ (59), Կասիմ Հաջի (85):
• «Լուդոգորեց» (Բուլղարիա) — «Դինամո Մինսկ» (Բելառուս) — 1:0
Գոլ՝ Ֆիլիպ Կալոչ (87):
• FCSB (Ռումինիա) — «Ինտեր Էսկալդես» (Անդորրա) — 3:1
FCSB-ի գոլեր՝ Դավիդ Միկուլեսկու (37), Դարիուս Օլարու (45+3, 11մ), Մարիուշ Ստեֆենեսկու (53):
«Ինտեր Էսկալդեսի» գոլ՝ Ռաֆայել Հերման (65):
• «Շելբորն» (Իռլանդիա) — «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) — 1:0
Գոլ՝ Ադեմիպո Օդուբեկա (58):
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0