Ռայան Բարդաղջին՝ եղբոր օրինակով, տեղափոխվում է «Բարսելոնա». եղբայրները հայկական արմատներ ունեն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մինչ եվրոպական ֆուտբոլային հանրությունը քննարկում է Ռունի Բարդաղջիի հնարավոր տեղափոխությունը «Բարսելոնա», ստվերում է մնում ոչ պակաս հետաքրքիր լուր. նրա հետ միասին կատալոնական ակումբի երիտասարդական ակադեմիա է միանում նաև նրա կրտսեր եղբայրը՝ Ռայան Բարդաղջին։ Այս մասին հայտնում են իսպանական աղբյուրները։
15-ամյա Ռայանը արդեն համարվում է «Կոպենհագենի» համակարգի ամենահեռանկարային պատանիներից մեկը։ Ներկայիս մրցաշրջանում նա հաջողությամբ հանդես է գալիս մինչև 17 տարեկանների թիմում և ընդգրկվել է նաև Շվեդիայի պատանեկան հավաքականում։ Սակայն այժմ, հաշվի առնելով Բարդաղջի ընտանիքի հայկական արմատները, առաջանում է հարց՝ ո՞ր հավաքականն է նա ընտրելու ապագայում։
Ավելի վաղ Sportaran.com կայքը գրել էր, որ եղբայրների հայրը հայկական ծագում ունի, իսկ պապը՝ հայ է Սիրիայի Հալեպ քաղաքից։ Այս փաստը հաստատել է նաև Բարդաղջի ընտանիքի ընկեր՝ «Հելսինգբորգի» երիտասարդ հարձակվող Ալբերտ Թամոյանը։
Հաշվի առնելով Ռայանի տարիքը և ազգային հավաքականների մակարդակով պաշտոնական խաղերի բացակայությունը՝ նա դեռ կարող է ընտրել, թե որ երկիր է ներկայացնելու։ Սա իրական հնարավորություն է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համար. գուցե հենց հիմա է ժամանակը կապ հաստատել տաղանդավոր պատանու հետ։
Մինչ Ռունի Բարդաղջին գրեթե «Բարսելոնայի» խաղացող է, Ռայանը դեռ նոր է սկսում իր ճանապարհը։ Բայց արդեն հիմա պարզ է՝ այս ազգանունը միայն ֆուտբոլային տաղանդ չէ նշանակում։
Բարդաղջիի «Բարսելոնա» տեղափոխությունը պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0