Ռաֆայել Նադալը կարող է տեղափոխվել հայկական ակումբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բրազիլացի հարձակվող Ռաֆայել Նադալը մեծ հավանականությամբ կշարունակի իր կարիերան Հայաստանում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը, 20-ամյա ֆուտբոլիստը մոտ է Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Սյունիք» ՖԱ տեղափոխությանը։
Այսպիսով, հայկական ակումբային ֆուտբոլը կարող է համալրվել ևս մեկ բարձրաձայն ազգանուն ունեցող խաղացողով։ Ավելի վաղ հայկական թիմեր էին տեղափոխվել լեգենդար իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբայի որդին՝ Իսահակ Դրոգբան, ով դարձել էր «Հայկ» ՖԱ-ի խաղացող, ինչպես նաև Զիդան Բանջակին, որը պայմանագիր էր կնքել «Արարատ-Արմենիա» ակումբի հետ։
Ռաֆայել Նադալը բրազիլական ֆուտբոլի սան է։ Նա իր կարիերան սկսել է «Ազուրիս» ակումբի երիտասարդական համակարգում, իսկ 2022 թվականին հանդես է եկել «Սան Պաուլու» Մ17 թիմում։ Ավելի ուշ հարձակվողը խաղացել է «Հոուպ Ինտերնասիոնալ» և «Բոտաֆոգո-ՍՊ» ակումբներում, իսկ անցած մրցաշրջանում դարձել է «Օպերարիու-ՊՌ» (Մ20) երիտասարդական թիմի խաղացող։

2026 թվականի սկզբին Նադալը մասնակցել է հեղինակավոր Copinha 2026 երիտասարդական մրցաշարին «Օպերարիու-ՊՌ» Մ20 թիմի կազմում։ Հինգ խաղում նա խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում, իսկ նրա թիմը հասել է մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հատկանշական է, որ հարձակվողը գոլերով աչքի է ընկել մրցաշարի վերջին երեք հանդիպումներում՝ կարևոր դեր խաղալով թիմի առաջխաղացման գործում։
Այս պահին «Սյունիք» ՖԱ-ն զբաղեցնում է Հայաստանի Առաջին խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը ակտիվորեն ուժեղացնում է կազմը՝ նպատակ ունենալով բարձրանալ դասով։ Ռաֆայել Նադալի հնարավոր տեղափոխությունը կարող է դառնալ թիմի այս մրցաշրջանի ամենանշանակալի տրանսֆերներից մեկը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0