«Փյունիկը» ընկերական հանդիպում կանցկացնի «Սպարտակի» հետ ԱՄԷ-ի հավաքների ընթացքում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայկական «Փյունիկը» ընկերական հանդիպում կանցկացնի մոսկովյան «Սպարտակի» դեմ։ Խաղը կկայանա փետրվարի 3-ին՝ Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող ուսումնամարզական հավաքների շրջանակում։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Փյունիկը» ձմեռային հավաքներն ԱՄԷ-ում անցկացնում է հունվարի 18-ից։ Թիմի նախապատրաստական փուլը կտևի մինչև փետրվարի 19-ը։
Ինչպես նշվում է «Սպարտակի» հաղորդագրությունում, երկրորդ և երրորդ հավաքների ընթացքում կարմիր-սպիտակները կանցկացնեն հինգ ստուգողական հանդիպում։ Բոլոր խաղերը կկայանան Jebel Ali մարզումային համալիրում, որտեղ տեղակայված է մոսկովյան թիմը։
Փետրվարի 3-ին «Փյունիկի» հետ հանդիպումից բացի, «Սպարտակը» փետրվարի 7-ին կմրցի Չինաստանի «Դալյան» ակումբի հետ, փետրվարի 10-ին՝ Ղազախստանի «Աստանայի», փետրվարի 21-ին՝ «Ռոստովի», իսկ փետրվարի 23-ին՝ ղազախական «Ելիմայի» դեմ։
Բոլոր ընկերական հանդիպումները կմեկնարկեն Մոսկվայի ժամանակով 16:00-ին (Դուբայի ժամանակով՝ 17:00)։ Նախատեսվում են ուղիղ հեռարձակումներ։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0