Հինգ հայ մարտիկ դուրս եկավ IMMAF-2025 ՄՄԱ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 28-ին Թբիլիսիում ավարտվեց ՄՄԱ-ի մեծահասակների և երիտասարդների աշխարհի առաջնության երկրորդ օրը։ Այս փուլում անցկացվեցին 1/8 եզրափակիչի բոլոր մենամարտերը։ Հայաստանը ներկայացնում էին վեց մարտիկներ, որոնցից հինգը հաջողությամբ անցան քառորդ եզրափակիչ։
Երիտասարդական մրցաշար
Մինչև 70,3 կգ քաշային կարգում Համլետ Ասլանյանը երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչ Նուրսուլթան Բեյսեմբաևին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Իբրոհիմ Ռահիմզոդան (Տաջիկստան)։
Մինչև 52,2 կգ քաշային կարգում Աշոտ Մարգարյանը մրցաշարը կսկսի անմիջապես քառորդ եզրափակիչից։
Մեծահասակների մրցաշար
Մինչև 56,7 կգ քաշային կարգում Արթուր Ասոյանը վստահ հաղթանակ տարավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռեդա Հայֆի նկատմամբ՝ արդեն առաջին ռաունդում մենամարտը ավարտելով խեղդող հնարքով։ Քառորդ եզրափակիչում նրան սպասվում է հանդիպում Շուկուռլո Ուբայդովի (Տաջիկստան) հետ։
Մինչև 61,2 կգ քաշային կարգում Սամվել Մարուքյանը լարված մենամարտում հաղթեց Եվֆրատ Ավդոյանին՝ բաժանված մրցավարական որոշմամբ և ևս դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Մինչև 70,3 կգ քաշային կարգում Տիգրան Նազարյանը առանց մենամարտի դուրս եկավ քառորդ եզրափակիչ․ նրա անգլիացի մրցակիցը չկարողացավ քաշ գցել։ Վաղը Նազարյանը կբախվի Մեհմետ Բորհանին (Ֆրանսիա)։
Մինչև 74,8 կգ քաշային կարգում Սպարտակ Միքայելյանը տպավորիչ հաղթանակ տարավ Չեխիայի ներկայացուցիչ Պատրիկ Պիկեսի նկատմամբ՝ հաղթելով տեխնիկական նոկաուտով երրորդ ռաունդում։ Քառորդ եզրափակիչում նա կմրցի Ջորդան Սքալիի (Իռլանդիա) հետ, ով երիտասարդների Եվրոպայի գործող չեմպիոնն է։
Նույն քաշային կարգում Մանվել Բարսեղյանը պարտվեց Ղազախստանի ներկայացուցիչ Դմիտրի Յարկովին՝ միաձայն մրցավարական որոշմամբ և ավարտեց իր ելույթները առաջնությունում՝ գրանցելով մեկ հաղթանակ։
Այսպիսով, Հայաստանը շարունակում է պայքարը Թբիլիսիում անցկացվող IMMAF-2025 աշխարհի առաջնությունում՝ ունենալով հինգ քառորդ եզրափակիչ մասնակից։ Քառորդ եզրափակիչի մենամարտերը տեղի կունենան սեպտեմբերի 29-ին։
Հայ մարզիկների բոլոր մենամարտերը կարելի է դիտել ուղիղ եթերով Sportaran Telegram-ալիքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0