Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի մամուլի ասուլիսը Վրաստանի դեմ խաղից հետո
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’թ Սխիպը Վրաստանի դեմ պարտությունից հետո մամուլի ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին։
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 0-3 հաշվով պարտվեց Վրաստանին։
Հոլանդացի մասնագետը նշեց Տիգրան Բարսեղյանի և Էդգար Սևիկյանի լավ խաղը, ինչպես նաև խոսեց Ֆին Գերագուսյանի հավաքական հրավիրվելու հնարավորության մասին։
— Ի՞նչ կասեք խաղի արդյունքի մասին։
— Խաղի արդյունքը համապատասխանում էր խաղի պատկերի հետ, բայց մենք անհարկի սխալներ թույլ տվեցինք պաշտպանությունում՝ բոլոր երեք բաց թողած գոլերի ժամանակ։ Սակայն սա Հայաստանի հավաքականի ներկայիս վիճակն է։
— Ո՞ր ֆուտբոլիստներին կարող եք առանձնացնել Հայաստանի հավաքականից։
— Բոլոր ֆուտբոլիստները լավ աշխատեցին գնդակով։ Չեմ ցանկանում ինչ-որ մեկին առանձնացնել, բայց կարևոր է, որ Հայաստանի հավաքականի խաղացողները շարունակեն աշխատել և ձգտեն Վրաստանի հավաքականի մակարդակին։
— Ի՞նչ էր խաղային պլանը, և արդյոք այն հաջողվեց իրականացնել, թե՞ սխալները խանգարեցին։
— Խաղում կային դրական պահեր, բայց երբ այսպիսի սխալներ ես թույլ տալիս Վրաստանի պես ուժեղ մրցակցի դեմ, դժվար է այլ արդյունքի հույս ունենալ։ Պետք է աշխատենք սխալները նվազեցնելու ուղղությամբ։
— Հաշվի առնելով առաջին խաղի արդյունքը՝ ի՞նչ նպատակներ կդրվեն պատասխան խաղի համար։ Կտեսնե՞նք կազմի փոփոխություններ Թբիլիսիում։
— Առայժմ վաղ է խոսել փոփոխությունների մասին, պետք է վերլուծենք ամեն ինչ։ Բայց հնարավոր է, որ պատասխան խաղում նոր ֆուտբոլիստներ լինեն։ Այս մասին կմտածենք առաջիկա օրերին։
— Այսօր կազմից բացակայում էին երկու կարևոր խաղացողներ։ Տեսա՞ք որևէ մեկին, ով կարող է առաջնորդության պարտականությունը ստանձնել։
— Ինչպես արդեն նշել եմ, կային դրական պահեր։ Նախ ուզում եմ առանձնացնել Տիգրան Բարսեղյանին՝ ուրախ եմ, որ նա երկար դադարից հետո վերադարձավ Հայաստանի հավաքական։ Նա ցուցադրեց որակյալ խաղ և մեծ ցանկություն։ Խաղից հետո շնորհակալություն հայտնեցի նրան նվիրվածության համար։ Բացի այդ, լավ խաղաց նաև Էդգար Սևիկյանը՝ նա ամբողջությամբ նվիրվեց խաղին և ցուցադրեց հիանալի տեխնիկա։ Չեմ ցանկանում շատ անուններ նշել, բայց այս երկուսը իսկապես առանձնացան։ Այնուամենայնիվ, մենք թույլ տվեցինք երեք անհատական սխալ, որոնք հանգեցրին երեք գոլերի։
— Ինչո՞ւ էր Արթուր Սերոբյանը բացակայողներից։
— Նրա դիրքում ունեինք հինգ խաղացող, և ստիպված էինք ընտրություն կատարել։ Հնարավոր է, որ նա հնարավորություն ստանա հաջորդ խաղում։
— Ի՞նչ կասեք երկրպագուներին, որոնք երկար էին սպասել այս խաղին։
— Կասեմ, որ այս թիմը դեռ պետք է աճի, զարգանա և հասնի այն մակարդակին, որը թույլ կտա մրցակցել Վրաստանի պես փորձառու և տեխնիկապես ուժեղ հավաքականի հետ։ Երկրպագուները և ֆուտբոլիստները պետք է շարունակեն հավատալ, որ այդ մակարդակին հնարավոր է հասնել։
— Ի՞նչ թերություններ նկատեցիք և ի՞նչ ուղղությամբ կաշխատեք ապագայում։
— Նախևառաջ, պետք է նվազեցնենք գնդակի կորստի թիվը՝ դրանք շատ էին։ Նաև կարևոր է ճիշտ ընտրություն կատարել այն խաղացողների նկատմամբ, որոնց հետ կշարունակենք աշխատել։
— Ի՞նչ կարծիք ունեք թիմի նորեկ Նիկոլաս Կալուկյանի մասին։
— Նա ֆիզիկապես ամուր խաղացող է։ Մենք հետևել ենք նրան առաջնությունում և ցանկանում էինք տեսնել, թե ինչպես կդրսևորի իրեն ազգային հավաքականում։ Նա հնարավորություն ստացավ զգալ միջազգային ֆուտբոլի մակարդակը։ Նա ունի զարգացման ներուժ։ Բացի այդ, նրա դիրքում շատ տարբերակներ չունենք, ուստի նա ևս հնարավորություն կունենա դրսևորվելու։
— Դիտարկե՞լ եք Ֆին Գերագուսյանին Հայաստանի հավաքական հրավիրելու տարբերակը։ Նա հանդես է գալիս հարձակվողի դիրքում, որը մեզ համար խնդրահարույց է, և շատ գոլեր է խփում «Սանդերլենդի» երիտասարդական թիմում։
— Այո, մենք գիտենք այս խաղացողի մասին և հետևում ենք նրան։ Բայց կան նաև այլ թեկնածուներ։ Մենք կշարունակենք դիտարկել տարբերակները և կընդունենք լավագույն որոշումը՝ հաշվի առնելով հասանելի տարբերակները։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0