Սանդրո Պերկովիչի մամուլի ասուլիսը «Նոա» – «Ռիեկա» հանդիպման առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը նախախաղային մամուլի ասուլիսում կիսվեց իր սպասումներով Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկայի» դեմ Եվրոպայի Կոնֆերենս լիգայի առաջին տուրի խաղից առաջ։ Հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 2-ին՝ Երևանում, Հանրապետական մարզադաշտում։
Սանդրո Պերկովիչ.
«Այո, ես խաղացել եմ «Ռիեկայի» դեմ, երբ գլխավորում էի «Դինամո Զագրեբը», և մենք հաղթեցինք, բայց այսօրվա խաղի համար դա ոչինչ չի նշանակում։ Եթե ուզում ենք հաղթել, պետք է լինենք մեր լավագույն ձևում և խաղային պլանին հետևենք առաջին վայրկյանից մինչև վերջինը։
«Ռիեկան» երկրի չեմպիոնն է և Խորվաթիայի գավաթակիր։ Նրանք ունեն հիանալի կազմ որակյալ ֆուտբոլիստներով։ Թեպետ նրանք մրցաշրջանը հաջողությամբ չսկսեցին, մեր դեմ խաղում նրանք կփորձեն նոր թափ ստանալ։ Բայց որքան էլ ես հարգում եմ մրցակցին և նրանց ուժը, նույնքան էլ հավատում եմ իմ թիմին և մեր հաղթանակին։ Համոզված եմ՝ վաղը մենք հրաշալի խաղ կցուցադրենք։
Այն պահից, երբ ես եկա թիմ, մենք անցկացրել ենք ավելի քան 20 խաղ և 80-ից ավելի մարզում, այնպես որ այժմ ունենք ավելի մեծ վստահություն և խաղային համագործակցություն։ Կարծում եմ՝ դա կօգնի մեզ շարունակել հաջող հանդես գալ։
Հանրապետական մարզադաշտն ունի մեծ պատմություն․ դա մեծ խաղերի բեմ է, որը փոխանցում է էներգիա։ Գիտեմ, որ խաղին լինելու է լեփ-լեցուն մարզադաշտ, և երկրպագուները մեզ կաջակցեն։
Ես որևէ ճնշում չեմ զգում կապված արդյունքների և թիմի անցյալ տարվա եվրագավաթային փորձի հետ։ Իմ միակ ճնշումն այն է, որ անընդհատ բարձրացնենք խաղի մակարդակն ու ֆուտբոլիստների որակը, իսկ արդյունքները կգան դրանից հետո։
«Ռիեկան» շատ վտանգավոր է ստանդարտների ժամանակ, նրանք այդպես շատ են գոլ խփում։ Սա այն թիմը չէ, որտեղ կարող ենք կենտրոնանալ միայն մեկ խաղացողի վրա։ Մեզ կարող է օգնել միայն ֆուտբոլիստների լիարժեք կենտրոնացվածությունը ամբողջ 90 րոպեների ընթացքում։ Սա մեզ համար մեծ փորձություն է, բայց մենք ուզում ենք ապացուցել, որ ունենք անհրաժեշտ մակարդակ՝ խաղալու խմբային փուլում։
Տանը խաղալը շատ լավ է։ Հույս ունեմ, որ երկրպագուները դժվար պահերին մեզ կաջակցեն և լրացուցիչ էներգիա կփոխանցեն»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0