Ջոն Վան Շիպի մամուլի ասուլիսը Հայաստան - Վրաստան խաղից առաջ
Հոլանդացի մասնագետ Ջոն վան'թ Սխիպը իր առաջին մամուլի ասուլիսն անցկացրեց՝ որպես Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
Մարտի 20-ին կայանալիք Վրաստանի հավաքականի դեմ խաղից առաջ Ջոն վան'թ Սխիպը պատասխանեց լրագրողների բոլոր հարցերին։
— Ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի հավաքականը և ի՞նչ տպավորություն ունեք Ժորժ Միկաուտաձեից, որի հետ աշխատել եք «Այաքսում»։
— Վրաստանի հավաքականին հանդիպել եմ դեռ այն ժամանակ, երբ մարզում էի Հունաստանը։ Գիտեմ, որ վերջին երեք տարիներին նրանք մեծ առաջընթաց են գրանցել, ինչի մասին վկայում է նրանց մասնակցությունը EURO 2024-ին։ Դա շատ դժվար մրցակից է, բայց միևնույն ժամանակ՝ լավ մարտահրավեր մեզ համար, ինչպես նաև օրինակ, թե ինչպես կարող է փոքր երկիրը մեծ հաջողությունների հասնել ֆուտբոլում։ Ցավոք, «Այաքսում» ես Միկաուտաձեին շատ խաղային ժամանակ չէի տրամադրում, քանի որ այն ժամանակ այլ հիմնական հարձակվողներ ունեինք։ Բայց պետք է նշեմ, որ նա կարողացավ հաղթահարել դա և հիմա շատ լավ է հանդես գալիս «Լիոնում»։
— Ի՞նչ տպավորություն ունեք Հայաստանի հավաքականից՝ ձեր առաջին օրերի ընթացքում։
— Իրականում ծանոթանալու համար շատ քիչ ժամանակ ենք ունեցել։ Բայց արդեն հասցրել եմ տեսնել ֆուտբոլիստների մեծ ցանկությունն ու նպատակասլացությունը։
— Ի՞նչը ձեզ գրավեց Հայաստանի հավաքականի նախագծում, և ինչո՞ւ որոշեցիք ընդունել առաջարկը։
— «Այաքսում» աշխատելուց հետո ես փնտրում էի նոր հնարավորություն ազգային հավաքականի հետ աշխատելու համար, ինչպես դա եղավ Հունաստանում։ 2019 թվականին Հունաստանի հավաքականի հետ այցելել եմ Հայաստան և արդեն այն ժամանակ տպավորված էի տեղի ենթակառուցվածքներով։ Այդ իսկ պատճառով մեծ հաճույքով ընդունեցի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկը և պատրաստ եմ օգնել ձեր ֆուտբոլին՝ ամեն ինչով, ինչով կարող եմ։
— Ի՞նչ կարող եք ասել Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների մասին և հնարավոր է արդյոք Կարեն Նալբանդյանի հրավերքը հավաքական։ Ինչո՞ւ այս անգամ նա չի հրավիրվել։
— Մենք արդեն չորս շաբաթ է՝ Հայաստանում ենք և դիտել ենք շատ հանդիպումներ տեղի առաջնությունում։ Ցանկանում եմ նշել, որ հավաքականի դռները բաց են բոլոր ֆուտբոլիստների համար։ Բոլոր նրանք, ովքեր արժանի են, կհրավիրվեն։ Մենք արդեն հրավիրել ենք մի քանի նոր խաղացողների և շարունակելու ենք հնարավորություն տալ բոլոր նրանց, ովքեր կհաստատեն իրենց տեղը ազգային թիմում։
— Ի՞նչ կարող եք տալ Հայաստանի հավաքականին, և ի՞նչ կարող է հավաքականը տալ ձեզ։
— Սա երկարատև գործընթաց է։ Ժամանակի ընթացքում ավելի լավ կճանաչենք տեղացի ֆուտբոլիստներին։ Կարծում եմ՝ հայ ֆուտբոլիստները կարող են անընդհատ զարգացնել իրենց վարպետությունը և հետագայում ձգտել աշխարհի լավագույն լիգաներ։ Հայաստանի առաջնությունում կան թե՛ երիտասարդ, թե՛ փորձառու խաղացողներ, որոնք բարձր մակարդակ են ցուցադրում։ Հաճելիորեն զարմացած եմ տեղի առաջնության մակարդակից։
— Գիտենք, որ ձեր պայմանագիրն ըստ «1+1» ձևաչափի է։ Ի՞նչ խնդիրներ են դրված ձեր առջև Վրաստանի դեմ խաղի համար և երկարաժամկետ հեռանկարում։
— Գլխավոր նպատակը 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի նախապատրաստությունն է և այնտեղ հաջող հանդես գալը։ Իսկ Վրաստանի դեմ առաջիկա խաղում մենք կփորձենք ցույց տալ որքան հնարավոր է որակյալ ֆուտբոլ։
— Տեսել ենք մարզումների տեսանյութեր, որտեղ դուք ֆուտբոլիստների հետ խաղում եք։ Կկարողանա՞ք վաղը դաշտ դուրս գալ։
— Ոչ, իհարկե, չէ՞ որ ես հայկական անձնագիր չունեմ (ժպտում է)։ Ընդհանրապես, ես գիտեմ իմ տեղը՝ ես մարզիչ եմ։ Բայց ինձ հաճելի է, որ դեռ կարողանում եմ խաղալ և լավ ֆիզիկական վիճակում եմ։ Մինչ օրս ունեմ լավ հարված և տեխնիկա, բայց իմ դերը սովորեցնելն է։ Մարզումների ընթացքում պարզապես փորձում եմ օրինակ ծառայել և ակտիվորեն մասնակցել գործընթացին։
— Երեք բառով նկարագրեք ձեր տպավորությունները Հայաստանից։
— Հրաշալի սնունդ, հիանալի եղանակ և գեղեցիկ քաղաք՝ Երևան։ Ֆուտբոլի առումով ուրախ եմ տեսնել խաղացողների ներգրավվածությունը, էներգիան և ցանկությունը։
— Ի՞նչ կասեք Վրաստանի հավաքականի մասին։
— Վրաստանի հավաքականը լավ հանդիպումներ է անցկացրել Ազգերի լիգայում և EURO 2024-ում։ Դա ուժեղ և փորձառու թիմ է։ Ցավոք, վաղը մեզ չեն կարողանա օգնել մեր երկու առանցքային ֆուտբոլիստները՝ Էդուարդ Սպերցյանը և Լուկաս Սելարայանը։ Բայց մյուս կողմից, սա հնարավորություն է այլ խաղացողների համար՝ ցույց տալու իրենց կարողությունները։
— Ի՞նչ եք մտածում Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման մասին։
— Ես աջակցում եմ այն տարբերակին, որի դեպքում որքան հնարավոր է շատ հայ ֆուտբոլիստներ խաղային փորձ են ստանում առաջնությունում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0