Ամբողջական մամուլի ասուլիքը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի՝ Կոսովոյի դեմ խաղից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 5-ին Պրիշտինայում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիփի նախախաղային մամուլի ասուլիսը։ Հաջորդ օրը Հայաստանի թիմը կանցկացնի ընկերական խաղ Կոսովոյի հավաքականի դեմ, այնուհետեւ՝ Չեռնոգորիայի։ Մարզիչը պատասխանել է խաղացողների հրավիրման, հավաքականի առաջադրանքների, Լուկաս Սելարայանի իրավիճակի եւ հայկական ֆուտբոլի մակարդակի մասին հարցերին։
Ջոն վան՛տ Սխիփ. «Սպերցյանը բերեց էներգիա, բայց միայնակ ոչինչ չի փոխի»
Կարեն Նալբանդյանի եւ խաղացողների ընտրության մասին
«Իհարկե, Կարեն Նալբանդյանը լավ մրցաշրջան անցկացրեց։ Մենք հիմա խաղում ենք այնպիսի ֆուտբոլ, որ մեզ անհրաժեշտ են ֆիզիկապես ուժեղ վինգերներ, որոնք կարող են հանդես գալ տարբեր դիրքերում։ Օրինակ՝ Էդգար Սեւիկյանը կարող է խաղալ երկու եզրով, նաեւ հարձակվողի դիրքում կամ հարձակվողի հետեւում։ Կա նաեւ Արթուր Սերոբյանը՝ կարող է խաղալ երկու եզրով, եւ Թոմաս Ադորյանը՝ կարող է խաղալ թե՛ եզրերում, թե՛ կիսապաշտպանության կենտրոնում։ Կարեն Նալբանդյանը հիմա խաղում է մաքուր «տասնյակի» դիրքում, իսկ այդ դերը դեռ չենք նախատեսում հավաքականի համար։ Ահա թե ինչու առաջիկա խաղերում մենք ընտրել ենք այնպիսի մոդել, որտեղ կենտրոնում խաղում են «ութերը», իսկ եզրերում՝ ուժեղ վինգերներ։ Բայց Նալբանդյանը դեռ երիտասարդ է, նա հաստատ կստանա իր հնարավորությունը Հայաստանի հավաքականում»։
«Ուրարտու»-ի չհրավիրված խաղացողների մասին
«Եթե նրանք համապատասխանի այն պահանջներին, որոնք ունենք այս երկու խաղերում, ապա կլինեին ցուցակում։ Մենք գոհ ենք այն խաղացողներից, որոնք հիմա հավաքականի կազմում են։ Մարզումներին զգացի լավ էներգիա, լավ հավաք անցկացրինք։ Շատ ուրախ եմ, որ կան նաեւ այլ խաղացողներ, որոնք դուռը թակում են՝ միանալու Հայաստանի հավաքականին»։
Կոսովոյի եւ Չեռնոգորիայի դեմ առաջիկա խաղերի մասին
«Ես արդեն մարտին ասել էի, որ առաջին չորս խաղերը նախապատրաստություն են դեպի ԱԱ-2026-ի ընտրական փուլը, որը կմեկնարկի սեպտեմբերին՝ Պորտուգալիայի եւ Իռլանդիայի դեմ խաղերով։ Վրաստանի հետ արդեն խաղացինք, հիմա մնացել են այս երկու խաղերը։ Արդյունքը, իհարկե, կարեւոր է, բայց մենք կենտրոնանալու ենք խաղը կառուցելու վրա։ Կփորձենք խաղալ մեր ոճով՝ գնդակով, ինչպես նաեւ կուժեղացնենք պաշտպանական գիծը։ Պորտուգալիան շատ ուժեղ թիմ է, այդ պատճառով պետք է աշխատենք խաղի յուրաքանչյուր ասպեկտի վրա, իսկ այս ընկերական խաղերը կօգնեն դրանում»։
Վրաստանի դեմ պարտություններից հետո
«Միշտ շատ բարդ է նման խաղերից հետո խաղացողներին տրամադրել, հատկապես հաշվի առնելով, որ այդ խաղից հետո նրանք բոլորը լքեցին հավաքականը։ Այս հավաքից առաջ մի քանի խաղացող զանգահարել էին ինձ, զրուցել եմ նրանց հետ։ Այս հավաքի ընթացքում դիտել ենք Վրաստանի դեմ խաղի դրվագները, վերլուծել ենք սխալները եւ կազմել ենք պլան՝ ինչպես բարելավել մեր խաղը առաջիկա կարեւոր հանդիպումներից առաջ»։
Հայկական ֆուտբոլի խնդիրների մասին
«Ներքին առաջնությունում խաղերի ինտենսիվությունը շատ ցածր է։ Հավաքականի խաղացողների մեծ մասը հրավիրվում է տեղական առաջնությունից, ինչը խնդիր է։ Պետք է բարձրացնել խաղերի ինտենսիվությունը ինչպես Բարձրագույն, այնպես էլ երիտասարդական լիգաներում՝ մակարդակի բարձրացման համար։ Երկրորդ խնդիրն այն է, որ Հայաստանի առաջնությունում խաղացողները հաճախ ընկնում են խոտածածկին, իսկ մրցավարները դադարեցնում են խաղը։ Արդյունքում խաղի ռիթմը կորչում է։ Ես այս մասին խոսել եմ մրցավարական կոմիտեի հետ եւ նկատել եմ, որ որոշ խաղերում մրցավարները սկսել են թույլ տալ պայքարել եւ ավելի քիչ են խախտում ռիթմը։ Խաղացողները սովորում են այդ դանդաղ ինտենսիվությանը, հաճախակի դադարներին, եւ երբ դուրս են գալիս եվրոպական մակարդակի, չեն կարողանում համատեղել»։
Սպերցյանի մասին
«Էդուարդը բարձր մակարդակի շատ որակյալ խաղացող է՝ դա միանգամից երեւում է։ Նա սովոր է բարձր ինտենսիվությանը, քանի որ Ռուսաստանի Պրեմիեր լիգան շատ ուժեղ է։ Նա դրական էներգիա է բերել թիմին, եւ իր ներկայությամբ միավորում է թիմը։ Բայց այն ինտենսիվությունը, որ նա բերում է խաղին, չի կարող լուրջ օգուտ տալ, եթե մյուսները չաջակցեն։
Սպերցյանին կօգտագործեմ այն դերում, որտեղ նա առավելագույնս օգտակար կլինի թիմին՝ այն դիրքում, որտեղ նա կարող է ստանալ գնդակները եւ կազմակերպել հարձակումներ խորքից։ Միեւնույն ժամանակ նա պետք է հաճախ ստանա գնդակներ մրցակցի տուգանայինի դիմաց՝ հարվածելու եւ գոլային փոխանցումներ կատարելու համար»։
Նաիր Տիկնիզյանի եւ Էդգար Գրիգորյանի մասին
«Մենք բոլորս գիտենք, թե ինչ որակներ ունի Տիկնիզյանը, հատկապես հարձակողական գործողություններում։ Այն, ինչ տեսանք մարզումներին, մեզ վրա լավ տպավորություն թողեց՝ նա ֆիզիկապես լավ վիճակում է։ Բայց նա երկար ժամանակ չի խաղացել։ Հույս ունենք, որ նա կօգնի մեզ վաղվա խաղում եւ կարող է խաղաժամանակ ստանալ նաեւ երկրորդ խաղում։ Բայց կփորձենք խաղացողներին չծանրաբեռնել երկու խաղերում, քանի որ հիմա մրցաշրջանի վերջն է։
Էդգար Գրիգորյանը հիանալի ֆուտբոլիստ է։ Նա լավ մրցաշրջան անցկացրեց «Արարատ-Արմենիայում» եւ մասնակցեց բոլոր խաղերին։ Նա մկանային վնասվածք ուներ, բայց վերջին երեք օրերին ամբողջությամբ մասնակցել է մարզումներին եւ պատրաստ է խաղալ»։
Լուկաս Սելարայանի իրավիճակի մասին
«Մարտին Լուկասն անձնական խնդիրներ ուներ։ Իսկ հիմա ուրիշ խնդիր է։ Սկզբում չէինք կարողանում կապ հաստատել նրա հետ։ Բայց հետո ֆեդերացիայի ներկայացուցիչները կապ հաստատեցին, եւ Լուկասն ասաց, որ ցանկանում է արձակուրդ գնալ եւ խնդրեց այս անգամ իրեն չհրավիրել։ Ես շատ հիասթափված եմ, քանի որ ֆուտբոլիստը չպետք է ինքնուրույն որոշի՝ երբ պետք է միանա հավաքականին եւ երբ՝ ոչ։ Իսկ եթե սա կրկնվի պաշտոնական խաղից առաջ՞։ Այսպիսով՝ ես հիասթափված եմ, բայց միեւնույն ժամանակ գոհ եմ այն ֆուտբոլիստներից, որոնք այժմ իմ տրամադրության տակ են։ Կարծում եմ՝ ֆուտբոլիստները պետք է մեծ ցանկությամբ գան հավաքական»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0