Վարտանյանի և Բագովի մենամարտը ACA 200-ում չեղարկվել է
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Էդուարդ Վարտանյանի (27–4) և Ալի Բագովի (35–12) միջև ռևանշ մենամարտը, որը պետք է կայանար փետրվարի 6-ին Մոսկվայում՝ ACA 200 հոբելյանական մրցաշարի շրջանակում, չի կայանա։ Մենամարտի չեղարկման պատճառը հայ մարտիկի առողջական խնդիրներն են։
Վարտանյանը հայտնել է, որ երիկամային կոլիկի նոպայից հետո վիրահատվել է։ Ներկայումս մարզիկի մոտ տեղադրված է ստենտ, և առաջիկա մեկ ամսվա ընթացքում նա չի կարող լիարժեք մարզվել։
«Ընկերներ, բոլորին ողջունում եմ։ Ցավոք, ստիպված եմ կիսվել ոչ այնքան հաճելի լուրով։ Երիկամային կոլիկի նոպայի հետևանքով ստիպված եղա անցնել վիրահատության՝ երիկամներից քարերը հեռացնելու համար։ Այժմ տեղադրված է ստենտ, և մեկ ամսվա ընթացքում չեմ կարող մարզվել ամբողջ ուժով։
Խնդրում եմ ACA լիգային իմ մենամարտը տեղափոխել մարտ կամ ապրիլ։ Ես գերազանց մարզավիճակում եմ, մեծ ցանկություն ունեմ դուրս գալ վանդակը և ձեզ նվիրել իսկապես վառ, կոշտ և անզիջում պայքար։
Առանձին շնորհակալություն Բոտկինի հիվանդանոցի բժիշկներին՝ արագ արձագանքի, պրոֆեսիոնալիզմի և մարդկային վերաբերմունքի համար», — գրել է Վարտանյանը սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էդուարդ Վարտանյանը պաշտոնապես վերադարձել է ACA լիգա և ստորագրել չորս մենամարտի պայմանագիր։ Ալի Բագովի հետ մենամարտի նոր ամսաթիվը կհայտարարվի լրացուցիչ։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0