Հովհաննես Բաչկովը նոկաուտով հաղթեց Նդոնգենին և նվաճեց երկու չեմպիոնական գոտի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Անպարտելի հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (8-0, 7 նոկաուտ) շարունակում է վստահորեն բարձրանալ պրոֆեսիոնալ ռինգում։ Հուլիսի 2-ին Ստամբուլում անցկացված IBA Pro 7 մրցախաղային երեկոյին նա տպավորիչ նոկաուտով հաղթեց փորձառու հարավաֆրիկացի Քսոլիսանի Նդոնգենիին (33-7) իններորդ ռաունդում՝ նվաճելով առաջին կիսամիջին քաշային կարգում IBA International գոտին։ Բացի այդ, Բաչկովը հաջողությամբ պաշտպանեց իր WBA Continental տիտղոսը։
32-ամյա հայ մարզիկը առաջին իսկ վայրկյաններից նախաձեռնությունն իր ձեռքում պահեց և վերահսկեց մենամարտի ընթացքը։ Բոլոր ռաունդների ընթացքում նա ցուցադրում էր բարձր ակտիվություն, հարվածների ճշգրտություն և բազմազանություն՝ վստահորեն առաջ անցնելով միավորներով։ Սակայն մրցավարների որոշմանը գործ չհասավ։
Իններորդ ռաունդում Բաչկովը զգալիորեն ուժեղացավ, ճնշեց մրցակցին դեպի պարաններ և մի քանի հստակ հարված հասցրեց Նդոնգենիի գլխին։ Հարավաֆրիկացին հայտնվեց գետնին և չցանկացավ շարունակել մենամարտը։ Նրա անկյունը սպիտակ սրբիչ նետեց՝ արձանագրելով հայ բռնցքամարտիկի ժամանակից շուտ հաղթանակը։
Այսպիսով, Հովհաննես Բաչկովը գրանցեց իր ութերորդ հաղթանակը պրոֆեսիոնալ կարիերայում և նվաճեց երկրորդ չեմպիոնական տիտղոսը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0